Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման առանցքում Միավորված Ազգերի Կազմակերպության հայաստանյան գրասենյակի և ԿԳՄՍ միջև համագործակցությունն էր կայուն զարգացման նպատակների իրագործման համատեքստում։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները նշել են, որ նախատեսվում է պետական գերատեսչությունների հետ միասնական հարթակների ստեղծում և այդ շրջանակում մշակվելու են ռազմավարական ուղղություններ, որոնցով առաջնորդվելու է գրասենյակը՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված առաջնահերթություններին համահունչ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ժողովրդագրական խնդիրներ, մասնավորապես, կրթության դերը դրանց հաղթահարման գործընթացում: ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն արտահայտել է իր պատրաստակամությունն աջակցելու նախարարությանն իրականացվող բարեփոխումների և հանրակրթական չափորոշիչների մշակմանը փորձագետներ ներգրավելու հարցում։
Անդրադարձ է կատարվել միջին մասնագիտական կրթության և երիտասարդության ոլորտում առկա համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև ՄԱԿ-ի իրականացրած հետազոտությունները նախարարության կողմից ուսումնասիրելու հնարավորություններին աշխատանքն առավել արդունավետ ու հետազոտահենք դարձնելու նպատակով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







