Idram&IDBank հավելվածը էլ.դրամապանակների գործառնությունների վերաբերյալ ԿԲ-ի փոփոխություններից հետո նոր առաջարկներով է հանդես եկել։
Նշենք, որ մայիսի 1-ից ԿԲ-ն «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքում նոր փոփոխություններ է առաջարկել, որոնք ուժի մեջ են մտնելու փուլային սկզբունքով։
«ՀՀ Կենտրոնական Բանկի 22.03.2022թ թիվ 46-Ն և 48-Ն որոշումների համաձայն՝
— Սույն թվականի մայիսի 2-ից էլեկտրոնային դրամապանակները հնարավոր կլինի համալրել միայն բանկային քարտից կամ հաշվից։ Մայիսի 2-ից նաև արգելվում է դրամապանակից կատարել էլեկտրոնային փողի մարում` կանխիկ եղանակով՝ այսինքն, դրամապանակում առկա դրամական միջոցների կանխիկացում Իդրամի, UPay-ի և բանկերի մասնաճյուղերում այլևս չի թույլատրվի:
— Սույն թվականի հուլիսի 1-ից սկսած էլեկտրոնային դրամապանակները հնարավոր կլինի համալրել միայն հաճախորդի անունով բացված հաշիվ կամ քարտ ունենալու դեպքում»։
Idram&IDBank հավելվածն առաջարկում է հաշիվ բացել, որը հնարավորություն կտա օգտվել մի շարք լրացուցիչ առավելություններից։
Մանսավորապես օգտատերերը կարող են օգտվել մոբայլ բանկինգ բոլոր հնարավորություններից Idram&IDBank հավելվածի միջոցով, ներառյալ՝ պատվիրել քարտեր առցանց (նաև վիրտուալ քարտեր), կատարել գործարքներ՝ օգտագործելով IDBank-ի հաշիվներն ու քարտերը, կառավարել հաշիվները, ինչպես նաև հետևել հաշիվների մնացորդներին։
«Սա թույլ կտա նաև օգտագործել Rocket Line (https://idbank.am/credits/loans-without-collateral/rocket-line/) սահմանաչափը ապառիկ գնումների համար, դեպի Ռուսաստան առցանց դրամական փոխանցումներ կատարել և օգտագործել այլ` դրամապանակում գործող շուրջ 400 ծառայությունները»,-հայտնում են ընկերությունից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







