Կենսաթոշակի եւ նպաստների տրամադրման գործընթացում բարեփոխումներ իրականացնելու նպատակով Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկում «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներում:
Նախաձեռնությունը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 26-ի նիստում` Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ:
Առաջինից երկրորդ ընթերցում գործադիրը ներկայացրել է մի շարք առաջարկներ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի խոսքով` հայտնի են դեպքեր, երբ ժամկետային զինծառայողի հաշմանդամության զինվորական նպաստն ավելին է եղել, քան պայմանագրային սերժանտինը: Առաջարկվում է այն սահմանել նվազագույն կենսաթոշակի չափից ոչ պակաս չափով: Ըստ փոխնախարարի` այս դեպքում խնդիրը կլուծվի` ըստ կոչումների և կարգավիճակի:
Գործադիրի մյուս առաջարկները խմբագրական բնույթի են:
Հարակից զեկուցող, պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը կարևորել է նախաձեռնության ընդունումը, քանի որ այն բարելավող նշանակություն ունի:
Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







