Ապրիլի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի ավագ պարեկ, 34-ամյա Էմիլ Ի․-ն ծառայությունն ավարտելուց հետո տուն գնալու ճանապարհին՝ Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասում, հանդիպել է մի խումբ անձանց, որի ժամանակ ոմն Ժորան իր հետ եղած տղաների հետ հարձակվել է Էմիլ Ի․-ի վրա, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել, ինչի հետևանքով պարեկը ստացել է մարմնական վնասվածքներ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, կատարվածի մասին տեղեկություն է ստացվել ոստիկանություն, պարզվում է ոմն Ժորայի հետ եղած մասնակիցների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ նրանք են Երևանի բնակիչներ՝ 19-ամյա Գագիկ Ս․-ն, 18-ամյա Մարտիկ Կ․-ն, 17-ամյա Ազատ Խ․-ն, 17-ամյա Արշակ Խ․-ն և 21-ամյա Ժան Հ․-ն։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ ոմն Ժորայի ամբողջական տվյալները պարզելու, նրան և նրա հետ եղած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







