«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը անդրադարձել է իր դեմ հարուցված քրեական գործին։ Նարեկ Կարապետյանը նշել է, որ մեկնաբանում է տեղի ունեցած իրադարձությունները, որպեսզի այդ անհեթեթ պատմությունը ոչ մի նստվածք չթողնի իր և ընկերությունների խմբի հեղինակության վրա:
Տաշիր ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը փուլ առ փուլ ներկայացրել է տեղի ունեցած միջադեպը՝ նշելով, որ չէր պատկերացնում որ կհայտնվի մի իրավիճակում, որի հետ գրեթե կապ չունենալով, պետք է բացատրություն տա:
Նարեկ Կարապետյանը նշում է, որ պատմությունն սկսվել է հետիոտն-վարորդ լեզվակռվից: Մեքենան վարում էր ընկերը, ինքն էլ՝ կողքին նստած: Ճանապարհը ոչ թույլատրելի հատվածով փորձել է անցնել Վահե Պարազյանը, որին Նարեկ Կարապետյանի խոսքով՝ տեսնում էր առաջին անգամ: Ընկերոջ ու Վահե Պարազյանի վեճի ժամանակ Կարապետյանը եղել է «բաժանողի» դերում։
Նարեկ Կարապետյանը նշում է, որ այս միջադեպից հետո իրեն զանգահարում է Վահե Պարազյանը՝ առաջարկելով հանդիպել:
Նա ընդունում է հրավերը, բայց թույլ չի տալիս, որ հանդիպմանը ներկա լինի իր ընկերը՝ նոր կոնֆլիկտից խուսափելու համար:
Վահե Պառազյանի հետ հանդիպումից և միջադեպը հարթելուց հետո, հանդիպում է կազմակերպում ընկերոջ հետ, որպեսզի ընկերն էլ հաշտվի: Հաշտեցում չի ստացվում, Նարեկ Կարապետյանը ստիպված է լինուն դադարեցնել տաքացած խոսակցությունը:
Վահե Պարազյանը նշել է, որ Նարեկ Կարապետյանն իրեն ծեծի է ենթարկել՝ պահանջելով ընկերությունից յուրացված 10 միլիոն եվրոն փոխանցել Արցախի աջակցման հիմնադրամին: Արցախում տարիներ շարունակ բարեգործական ծրագրեր իրականացնող Նարեկ Կարապետյանը նշել է, որ իր համար այս պատմության մեջ ամենաանընդունելին ու վիրավորականն այն է, որ Արցախի անունն անհիմն շահարկվում է:
Նշվում է, որ Վահե Պարազյանը քրեական անցյալ ունի: Այստեղ տուժող ներկայացողը Ռուսաստանում դատապարտված էր 1 ու կես տարվա ազատազրկման՝ հայ գործարար առևանգելու, խոշտանգելու մեղադրանքով: Պարազյանը հարցազրույցում պնդում է, որ դատվել է Կարապետյանների պատվերով:
Մամուլի մյուս տվյալով՝ Պարազյանը միտումնավոր է այս սկանդալը հրահրել, որպեսզի Կարապետյաններից աջակցություն կորզի, ու ՌԴ-ում ազատվի պատասխանատվությունից: Նարեկ Կարապետյանի դեմ հայցը հետ վերցնելու դիմաց:
Նարեկ Կարապետյանի փաստաբանը տարակուսած է քննչականի գործողություններից: Մեղադրանքի համար հիմք են ընդունել ընդամենը մեկ հոգու՝ Վահե Պարազյանի ցուցմունքը, առանց բազմակողմանի քննության և քրեական գործ է հարուցվում՝ առանց մյուս կողմին լսելու: Գործն այժմ փոխանցել են Կենտրոնի քննչական բաժին, այնուհետ՝ Հատուկ կարևորության գործերի քննության Գլխավոր վարչություն: Նարեկ Կարապետյանի պաշտպանը բողոքարկել է Գլխավոր դատախազին, որպեսզի գործը փոխանցվի ԱԱԾ քննչականին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







