Նոր մանրամասներ են ի հայտ եկել Վահե Պառազյանի՝ «Տաշիր ընկերությունների խմբի» փոխնախագահ Նարեկ Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում։
Շվեդիայում բնակվող հայազգի գործարար Նորիկ Դավթյանը որոշել է առաջիկայում ներկայանալ և մանրամասներ ներկայացնել, թե ինչպես են տարիներ շարունակ իրեն խոշտանգել Վահե Պառազյանն ու նրա հայրը՝ Աշոտ Պառազյանը։
6 տարի լռելուց հետո Նորիկ Դավթյանը որոշել է ինքնակամ խոսել ու ցանկանում է դրվագ առ դրվագ պատմել՝ ինչ դժոխքի միջով է անցել՝ հայր և որդի Պարազյանների պատճառով:
Նորիկ Դավթյանը Մասիսից է, 15 տարեկանից ապրել է Կալուգայում, հիմա չորս երեխաների հայրը բնակվում է Շվեդիայում որպես փախստական: Այդտեղից էլ պատմում է՝ ինչպես Պարազյաններն իրեն դարձրին հաշմանդամ:
Շվեդիայում բնակվող հայազգի գործարարը 2007 թ․-ից աշխատել է Աշոտ Պարազյանի մոտ սկզբում որպես վարորդ, հետո վստահված անձ: Այդ ժամանակ Աշոտ Պարազյանը «Տաշիր ընկերությունների խմբի» նախագահ Սամվել Կարապետյանի տեղակալն էր:
Աշոտ Պարազյանը Նորիկ Դավթյանին ակտիվորեն ներգրավել է շինարարության ոլորտ՝ հանձնարարելով զբաղվել ընկերություններով, որոնք հենց Պարազյաններն էին բացել: Պատմության մեխերից մեկը հենց այդ ընկերություններն էին, որոնք Տաշիրի անվան տակ մասնակցում էին տարբեր տենդերների: Տաշիրի սեփականատերը, Նորիկ Դավթյանի պնդմամբ, այդ ընկերությունների մասին անգամ տեղյակ չէր։ Ավելին, այդ ընկերությունները չէին մասնակցում ու չէին հաղթում նաև Գազպրոմի տենդերում:
Այդ սխեմայի մասին իմանալուց հետո Նորիկ Դավթյանը որոշում է տեղյակ պահել «Տաշիր ընկերությունների խմբի» ղեկավարին, սակայն չի հասցնում: Պարազյանները որոշում են ազատվել իրենց համար գլխացավանք դարձած աշխատողից, նրանից հետ պահանջելով արդեն վճարված գումարի 2 ու կես միլիոն ռուբլին, պնդելով, որ դա Տաշիրի գումարն է: Նորիկ Դավթյանը հրաժարվում է վերադարձնել այն:
Պահանջի հաջորդ փուլում հաշվեհարդարն էր:
Իրենց մասին կարևոր փաստեր ունեցող Նորիկ Դավթյանին Պարազյանները կանչում են գրասենյակ ու մի քանի հոգով սկսում բռնության ենթարկել՝ ծեծել: Ինչի պատճառով Նորիկ Դավթյանը 8 վիրահատության է ենթարկվում և այժմ 3-րդ կարգի հաշմանդամություն ունի, ինչպես նաև ոտքը կորցնելու վտանգի առաջ է կանգնած:
Այդ պատմությունից մեկ ու կես տարի անց Աշոտ Պարազյանին հեռացնում են «Տաշիր ընկերությունների խմբից»: Վահե Պարազյանը Ռուսաստանում դատվել է հայազգի մեկ այլ գործարարի առևանգելու, բռնության ենթարկելու ու գումար շորթելու մեղադրանքով: Նորիկ Դավթյանը այդ գործարարին լավ է ճանաչում, դեպքի վերաբերյալ մի շարք մանրամասների է տիրապետում և պատրաստվում է ռուս իրավապահներին ներկայացնել ողջ տեղեկատվությունը:
Նորիկ Դավթյանը հայտարարել է, որ պատրաստ է Հայաստան գալ և այստեղ նույնպես հրապարակել բոլոր փաստերը, որոնք կբացահայտեն Պարազյաններին: Նորիկ Դավթյանը պնդում է, որ եթե մինչև հիմա ստիպված էր ընտանիքով թաքնվել այլ երկրներում, ապա այժմ վախենալու պատճառ չունի և հարկ եղած դեպքում կներկայանա ու կպատմի ամեն ինչ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







