Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ամերիկահայ ճանաչված գիտնական, իրավագետ, պատմաբան, սոցիոլոգ, մաթեմատիկոս, սոցիոլոգիայի դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Հայոց ցեղասպանության պատմաբան և Զորյան հաստատության Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն Վահագն Տատրյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անգնահատելի է պրոֆեսոր Տատրյանի գիտական վաստակը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում։ Հայազգի անվանի գիտնականը բազում ծանրակշիռ աշխատություններ է գրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, կարևոր ու արժեքավոր աշխատանք է իրականացրել Ցեղասպանության իրավական և փաստագրական կողմերի հետազոտության բնագավառում։ Վահագն Տատրյանի թողած հարուստ գիտական ժառանգությունը կշարունակի մեծ դերակատարում ունենալ ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և կանխարգելման գործում։
«Խորին ցավակցություն եմ հայտնում Վահագն Տատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին։ Նրա հիշատակը և ազգանվեր գործունեությունը վառ կմնա հայ ժողովրդի սրտում»,- ասված է ՀՀ վարչապետի ուղերձում։
Նշենք, որ կյանքի 93-րդ տարում վախճանվել է ամերիկահայ ճանաչված գիտնական, իրավագետ, պատմաբան, սոցիոլոգ, մաթեմատիկոս, սոցիոլոգիայի դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Հայոց ցեղասպանության պատմաբան և Զորյան հաստատության Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն Վահագն Տատրյանը (Vahakn Dadrian)։
Վահագն Տատրյանը ծնվել է 1926թ. Ստամբուլում։ Ավարտել է Բեռլինի համալսարանի մաթեմատիկայի, Վիեննայի համալսարանի պատմության և Ցյուրիխի համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետները։ Դասավանդել է Նյու Յորքի համալսարանում, եղել է Հարվարդի համալսարանի Միջին Արևելքի ուսումնասիրությունների և Մասսաչուսեթսի Տեխնոլոգիայի միջազգային ուսումնասիրությունների կենտրոնների ավագ գիտաշխատող։
1990-ական թթ․ եղել է Հ. Ֆ. Գուգենհայմի ցեղասպանության ուսումնասիրությունների ծրագրի տնօրեն։ 1991 թ․ Զորյան ինստիտուտի (Տորոնտո և Քեմբրիջ) ցեղասպանության հետազոտությունների ծրագրի գիտական տնօրենն էր։
Տատրյանը համեմատական ցեղասպանագիտության հիմնադիրներից է։ Հատկապես արժեքավոր են «Հայկական ցեղասպանությունը խորհրդային և պատմագիտական քննարկումներով» (հայերեն, 1995), «Հայոց ցեղասպանության մեջ գերմանական պատասխանատվությունը։ Պատմական ապացույցի ստուգաբանություն» (անգլերեն, 1996), «Ցեղասպանության երաշխիքը։ Թուրք-հայկական հակամարտության գլխավոր բաղադրատարրեր» (անգլերեն, 1998) մենագրությունները։ Միջազգային իրավունքի համատեքստում հայոց ցեղասպանության վերլուծությանն է նվիրված «Ցեղասպանությունը որպես ազգային և միջազգային իրավունքի հիմնահարց։ Հայկական հարցը Առաջին աշխարհամարտի տարիներին և նրա նկատմամբ ժամանակակից իրավական վերաբերմունքը» (անգլերեն, 1989) աշխատությունը։