Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկել է «Վարչապետն է Ձեր զբոսավարը» արշավը։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Օգոստոսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Նիդերլանդերից և Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներին՝ նրանց ներկայացնելով Երևանի զբոսաշրջային գրավչությունները։
Զբոսաշրջիկների համար անակնկալ էր ինչպես այցելությունների երթուղին, այնպես էլ «ուղեկցող զբոսավարը»։ Զբոսաշրջիկները Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ զբոսաշրջային ավտոբուսով շրջայց են կատարել Երևանի զբոսաշրջային հանգույցներում՝ Երևանի Կասկադ համալիրից, շարունակվել Բաղրամյան պողոտայով, Սայաթ Նովա, Աբովյան, Վազգեն Սարգսյան փողոցներով և եզրափակվել Հանրապետության հրապարակում:
Վերջին կանգառը ՀՀ կառավարության մասնաշենքն էր, որտեղ վարչապետի ուղեկցությամբ խումբը ծանոթացել է ճարտարապետական կառույցին։ «Հայաստանի գինեգործների և խաղողագործների հիմնադրամ»-ի կողմից հատուկ հյուրերի համար կազմակերպվեց հայկական գինիների համտես:
Շրջայցի ավարտին վարչապետը հյուրերին նվիրել է հատուկ փաթեթներ` Հայաստանի մասին ճանաչողական նյութերով և հուշանվերներով: Հուշանվերների շարքում խորհրդանշական էին հատուկ այս առիթով պատրաստված կրծքանշանները` «Վարչապետն է Ձեր զբոսավարը» գրությամբ, որը օրվա յուրահատուկ հուշ կդառնա զբոսաշրջիկների համար:
Ակցիայի արդյունքում ստեղծվել է «Վարչապետն է Ձեր զբոսավարը» գովազդային հոլովակը, որը, լայն տարածում ստանալով, հնարավորություն կտա բարձրացնել Հայաստանի մասին զբոսաշրջիկների իրազեկվածության մակարդակը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







