Աշոտ Առաքելի Բաբայանը ծնվել է 1946թ. Ասկերանի շրջանի Շոշ գյուղում: Պարարվեստում առաջին քայլերը սկսել է Ստեփանակերտի Պիոների տանը կից գործող պարախմբում: 1961թ. ընդունվել է ԼՂԻՄ երգի-պարի պետական համույթ՝ որպես պարող: 1965 թ. մրցույթային կարգով ընդունվել է ՀՀ երգի-պարի պետական վաստակավոր համույթ՝ որպես մենակատար: 1965-1969թթ. Երևանի պարարվեստի ուսումնարանի դասական բաժնում մասնակցել է դասընթացների: 1969 թ. հրավիրվել է ԼՂԻՄ երգի-պարի պետական համույթ՝ որպես պարուսույց: 1993 թ. ԼՂՀ կրթության և մշակույթի նախարարի հրամանով նշանակվել է ԼՂՀ երգի-պարի պետական համույթի տնօրեն ու գեղարվեստական ղեկավար: Տասնյակ տարիներ ղեկավարել է Արցախի պարի պետական համույթը, դաստիարակել է պարարվեստի մի քանի սերնունդներ, ովքեր այսօր դասավանդում, բեմադրում և պարում են Արցախի տարբեր համույթներում:
2003թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով, 2005թ. նրան շնորհվել է «Արվեստի վաստակավոր գործչի», 2007թ.` «Ժողովրդական արտիստի» պատվավոր կոչում:
Մահացել է 2017թվականին՝ 71 տարեկան հասակում:
Արվեստի վաստակավոր գործչի աշխատանքը ներկայումս շարունակում են նրա որդիներ՝ Արցախի պարի պետական համույթի տնօրեն Ռաուլ Բաբայանը և Ստեփանակերտի պարարվեստի քոլեջի գեղարվեստական ղեկավար Մհեր Բաբայանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







