Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհի Արճիս գյուղի ճանապարհահատվածը փակած բողոքի ակցիայի մասնակիցները բացել են ճանապարհը:
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչները։
Հայկ Չոբանյանի խոսքով՝ կառավարությունը համայնքի ջրամատակարման համար 100 միլիոն դրամ գումար պետք է հատկացնի և համայնքի ջրամատակարարման խնդրի կարգավորումն այժմ գտնվում է քննարկումների փուլում։
Տավուշի մարզպետը նշել է, որ հարցին ժամանակավոր լուծում է տրվել և գյուղի ջրամատակարարման հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում։
«Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել և մինչև հիմնական նախագծի հաստատումը գյուղը կապահովվի խմելու ջրի նվազագույն քանակով»,- նշել է Հայկ Չոբանյանը։
Գյուղի ջրամատակարարման ապահովման աշխատանքները մեկնարկելու են հենց այսօրվանից, իսկ ճանապարհն արդեն բաց է։
Հիշեցնենք, որ Արճիս գյուղի երեխաները սոցիալական ակցիա են իրականացրել՝ փակելով Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ավտոճանապարհը։ Երեխաներն իրենց բողոքի ձայնն են արտահայտում խմելու ջրի հետ կապված՝ այսպիսով հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը գյուղի կենսական խնդրի վրա։
Նշենք, որ Արճիս գյուղը խմելու ջուր ստանում էր հարակից անտառներից եկող աղբյուրներից, սակայն այժմ աղբյուրները չորացել են, ինչի պատճառով գյուղը կանգնել է խմելու ջրի չունենալու խնդրի առաջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







