Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարից տուժած շուրջ 800 անձ կստանա ամենամսյա դրամական օգնություն: Այս մասին տեղեկացնում է e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքը:
Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցած այն անձինք, ովքեր եղել են ԽՍՀՄ-ի զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության ընթացքում կամ կանչվել են զինվորական վարժական հավաքների, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով հավասարեցվել են զինծառայողներին և ունեն որոշակի իրավունքներ, այդ թվում` ամենամսյա պարգևավճար ստանալու, իսկ կամավոր հիմունքներով Չեռնոբիլ մեկնած անձինք օգտվում են միայն պետական պատվերի շրջանակում անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքից:
Օրենքի նախագծի ընդունման արդյունքում շուրջ 800 անձ կստանա ամենամսյա դրամական օգնություն, ինչը կնպաստի նրանց սոցիալական վիճակի բարելավմանը և կդիտարկվի որպես բարոյական փոխհատուցում այդ անձանց գործած աշխատանքային սխրանքի դիմաց, միաժամանակ, որոշակի արտոնություններից կօգտվեն նաև այն քաղաքացիական անձինք, ովքեր Չեռնոբիլ են մեկնել կամավորական հիմունքներով և աշխատանքային պայմանագրով, ինչպես նաև չեռնոբիլցիների երեխաների համար, ովքեր ծնվել են ճառագայթահարված ծնողներից և դրանով պայմանավորված՝ ձեռք բերել որոշակի հիվանդություններ:
Ներկա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է նշված կատեգորիային պատկանող շուրջ 800 մարդ, որից 300-ը՝ քաղաքացիական անձինք են, որոնց համար որևէ սոցիալական երաշխիք սահմանված չէ: Միաժամանակ, որևէ իրավական ակտով սահմանված չեն նաև «Մայակ» արտադրական միավորման վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցած անձանց (ՀՀ-ում բնակվում է 10 մասնակից) իրավունքները»,- նշված է նախագծում:
Սույն օրինագիծը կարգավորում է ՉԱԷԿ-ի վթարի և այլ միջուկային աղետների հետևանքներով տուժած քաղաքացիների առողջության պահպանմանը և սոցիալական պաշտպանությանն առնչվող հարցերը, մասնավորապես՝ սոցիալական երաշխիքներ է սահմանում նաև քաղաքացիական անձանց համար, ովքեր Չեռնոբիլ են մեկնել կամավորական հիմունքներով և աշխատանքային պայմանագրով, ինչն ավելի խրախուսելի և գնահատանքի արժանի հանգամանք է: Օրենքի նախագծով նախատեսվել է նաև ամենամսյա դրամական օգնություն, որի չափը սահմանվել է նվազագույն կենսաթոշակի տրամաբանությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







