Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջի հայտարարության համաձայն` «Սանիթեք» ընկերությունն արդեն չորրորդ օրն է չի իրականացնում իր պարտականությունները՝ Երևան քաղաքի աղբահանության կազմակերպման մասով։
Քաղաքապետարանը հայտնում է նաև, որ այս առնչությամբ որևէ գրավոր ծանուցում ընկերության կողմից չի արվել։ Քաղաքապետարանի կողմից արված հայտարարության մեջ ասվում է, որ անհայտ հանգամանքներով պայմանավորված «Սանիթեք» ընկերությունը, վերջին մի քանի ամիսների ընթացքում պատշաճ կերպով չի կատարում իր պարտականությունները և ձախողում է աղբահանության ողջ գործընթացը։
Երևանի քաղաքապետարանը նաև հայտնում է, որ օրենքի ուժով և երկկողմ պայմանագրի հիման վրա իր պարտականությունն է՝ «Սանիտեքի» նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, և որ քաղաքապետարանի կողմից կիրառվելիք յուրաքանչյուր տուգանք իր հիմքում ունենալու է փաստարկված և արձանագրված դեպքեր։
Երևանի քաղաքապետարանի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող ցանկացած տնտեսվարողի համար գործում են հավասար նորմատիվ կանոններ, չկատարված, վատ կատարված աշխատանքի կամ դրանց թերի կատարման հիմքով Երևանի քաղաքապետարանը իրավասու է կիրառել պատժամիջոցներ, այդ թվում տուգանքներ։
Քաղաքապետարանը շեշտում է, որ նման քայլերը բխում են տվյալ տնտեսվարող սուբյեկտների հետ կնքված պայմանագրային պայմանավորվածություններից։
Աղբյուրում նշվում է նաև, որ անցած ամիսների ընթացքում Սանթեքի թերացման արդյունքում ստեղծված կոլապսից քաղաքը հնարավոր է եղել դուրս հանել միայն «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի 24-ժամյա աշխատանքի շնորհիվ, որի տեխնիկական ռեսուրսները և աշխատակազմը շարունակաբար համալրվում են:
Նշենք, որ այս պահին համայնքային հիմնարկի վրա է դրված ողջ քաղաքի աղբահանման գործառույթը։
«Սանիթեքի՝ պայմանագրերով նախատեսված աշխատանքից հրաժարվելու վարքագիծը գնահատում ենք որպես պայմանագրային պարտավորությունների խախտման հերթական՝ ծայրահեղ դրսևորում, որը, անշուշտ, իր իրավական հետևանքները կունենա»,- նշված է հրապարակման մեջ
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







