Այսօր Հայաստանը տոնում է անկախության 28-ամյակը:
Տոնական միջոցառումների մեկնարկը Գյումրիում տրվել է ժամը 11։00-ին։ Գյումրիում է հավաքվել Հայաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարությունը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, կառավարության անդամների, ԱԺ նախագահի, պատգամավորների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ հանդես գալով շնորհավորհական ուղերձով՝ նշել է․
«Այսօր սեպտեմբերի 21-ն է՝ մեր ժողովրդի պատմության ամենակարևոր օրերից մեկը, ամենամեծ տոներից մեկը, երբ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի անկախության հանրաքվեն, և Հայաստանի բնակչության 98 տոկոսը քվեարկեց անկախության օգտին: Դա մի գործընթաց էր, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հասավ իր բարձրակետին: Այդ գործընթացը սկսել էր 1988 թվականի ղարաբաղյան շարժմամբ, երբ մեր ժողովուրդը Հայաստանում և Արցախում բարձրաձայնեց ազատ, միասնական և հզոր լինելու իր կամքը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ից առաջ՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին, ընդունվել էր Հայաստանի անկախության հռչակագիրը: Եվ այդպիսով, նաև դե յուրե հայ ժողովուրդը իր ընթացքն էր սկսել դեպի անկախություն: Անկախությունից անմիջապես հետո, միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչվելուց անմիջապես հետո մեր ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը և Արցախը կանգնեցին մեծ փորձությունների առաջ: Ըստ էության, մի քանի տարի առաջ սկսված կոնֆլիկտը վերաճեց մի լիարժեք պատերազմի, որում հայ ժողովուրդը միասնության և կամքի շնորհիվ կարողացավ հաղթանակ տանել: Այդ հաղթանակն առաջին հերթին բերեցին այն ազատամարտիկները, որոնք կամավոր զինվորագրվեցին հայրենիքի պաշտպանության գործին: Նրանք պատվով կատարեցին իրենց առաքելությունը և թույլ չտվեցին, որ հայրենի հողը ոտնակոխ լինի: Եվ որից հետո սկսվեց պետականաշինության շատ ավելի բարդ գործընթացը»։
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ անկախության տարիները եղել են բազմաթիվ հիասթափությունների, արտագաղթի, տնտեսական և քաղաքական դժվարությունների տարիներ: Բավական տխուր հարցադրումների մի շրջան է եկել, երբ գրեթե ամեն օր մամուլում հարց է հնչել, թե ինչպիսի՞ն կլինեն արդյունքները, եթե 1991 թվականից 5, 10, 15, 20 տարի անց լիներ անկախության հանրաքվեն:
«Իհարկե, ես միշտ համոզված եմ եղել, որ այդ բոլոր ժամանակներում, երբ էլ տեղի ունենար անկախության հանրաքվեն, մեր ժողովուրդը միասնական «այո» կասեր անկախությանը»,- նշել է վարչապետը Փաշինյանը:
Նա հավելել է, որ երբևէ կասկածներ չի ունեցել այդ իրողության շուրջ, սակայն պետք է արձանագրի, որ այս ընթացքում շատ կասկածողներ են եղել: Եվ, ի վերջո, նաև տրվել է այս հարցի պատասխանը: Որովհետև ինքը հավատում է, որ 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցավ մի նոր անկախության հանրաքվե, և 100 հազարավոր այն քաղաքացիները, որոնք դուրս եկան հրապարակ, դուրս եկան փողոցներ, Հայաստանում և Սփյուռքում, նրանք դուրս եկան ևս մեկ անգամ նույնքան բարձր, նույնքան վճռական ու հաստատակամ «այո» ասելու Հայաստանի անկախությանը:
Վարչապետի խոսքով՝ այս հեղափոխությունը մի նոր անկախության հանրաքվե էր, որը հաստատեց որ հայ ժողովուրդը 28 տարվա ընթացքում ոչ միայն չի մաշեցրել անկախ պետականություն, ինքնիշխանություն, ժողովրդավարություն ունենալու իր կամքը, այլև այս ողջ ընթացքում դարձել է ավելի հաստատակամ, ավելի վճռական, ավելի ուժեղ և ավելի ամուր է կանգնած իր ոտքերի վրա:
«Եվ ուրեմն այսօր սեպտեմբերի 21-ն է, 28 տարվա սեպտեմբերի 21, և մենք հավաքվել ենք ահա այստեղ ևս մեկ անգամ արձանագրելու, որ Հայաստանի անկախ պետությունը երկիր մոլորակի վրա գոյություն է ունենալու հավիտյան, և հայ ժողովուրդը՝ որպես մի մեծ հավաքականություն, ունի բավարար կամք, բավարար իմաստություն, բավարար գիտելիք, բավարար տաղանդ և բավարար վճռականություն իր ուսերին կերտելու, իր ուսերին տանելու պետականության պատասխանատվությունը և ապրել ազատ և երջանիկ այդ պետականության մեջ՝ որպես ազատ երկրի հպարտ քաղաքացի»,- եզրափակեց ՀՀ վարչապետը:
Հավելենք, որ տոնական միջոցառումները կեզրափակվեն ժամը 19։00 տոնական համերգով, որը կկազմակերվի Գյումրու Վարդանանց հրապարակում։ Համերգի շրջանակում ելույթ կունենան հայ և արտասահմանյան հայտնի երգիչներ, երաժիշտներ։
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը․ ՀԷՑ
Ապրիլի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...