Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ։ Այս մասին հայտնում է Սուրեն Պապիկյանը՝ իր Ֆեյսբուքյան կայքէջում կատարած հայտարարությամբ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էներգետիկայի բնագավառում երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Կարևորվել է «Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկական միջանցք» ծրագրի շուտափույթ իրականացումը և այդ ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումը:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման ու տեխնիկական այլ լուծումները վերջնականապես իրականացնելու նպատակով արդյունավետ դարձնել քննարկումները մասնագիտական մակարդակում՝ ներգրավելով նախաձեռնությանը մասնակից մյուս գործընկերներին։
Հանդիպման ավարտին ստորագրվել է երկու երկրների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ 2013 թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն:
Նշենք, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հրավերով հոկտեմբերի 2-4-ը Մոսկվայում մասնակցում էր «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







