ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի UFAR20+ նախագծի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ուղերձում մասնավորապես ասվում է․
«Հայաստանում Ֆրանսիական համալսարանը արդեն 20 տարի խորհրդանշում է Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությունը։
Այն կրում է կրթության ոլորտում մեր ընդհանուր արժեքները և կրթում է երիտասարդների, որոնք այսօր աշխատում և իրենց լիակատար մասնակցությունն են բերում մեր երկրի զարգացմանը։ UFAR20+ լինելու է կրթական նորարությամբ առաջնորդվող և միջազգային հանրության առաջ բաց համալսարանական համալիր, որը «ԹՈՒՄՈ»-ի հետ միասին կազմելու է համագործակցային նոր էկոհամակարգ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր բարձր հովանու ներքո է վերցրել նախագծի ֆինանսավորմանն ուղղված դրամահավաքը։ Ես էլ իմ աջակցությունն եմ հայտնում նախագծին և դրամահավաքին։ Կոչ եմ անում Ֆրանսիայի և համայն աշխարհի բոլոր հայերին աջակցել այս ապագայի համալսարանին։
Ներդնել UFAR20+ նախագծի մեջ՝ նշանակում է ներդրում կատարել մեր երիտասարդության, աշխատաշուկայի և Հայաստանի ապագայի մեջ»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







