Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն ազատվեց պաշտոնից։ Այս մասին որոշումը հաստատվեց այսօր ՀՀ Կառավարության նիստում։
Հարցը ներառված էր ՀՀ Կառավարության հոկտեմբերի 10-ի նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։
Հիշեցնենք, որ Տրդատ Սարգսյանը լիազորությունները վայր դնելու մտադրության մասին հայտնել էր սեպտեմբերի 24-ին՝ նշելով, որ հանրապետության տարածքում մեկնարկած լայնամասշտաբ ռազմավարական զորավարժություններից հետո վայր կդնի մարզպետի լիազորությունները։
Հոկտեմբերի 7-ին Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։
Հիշեցնենք` Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպ է գրանցվել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` ծեծկռտուքի հիմնական դերակատարը մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է եղել, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին։
Գործի շրջանակներում մարզպետի օգնականն ու նրա եղբայրը կալանավորվել են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







