Ջրականի (Ջաբրայիլ) հոսպիտալի բժիշկները 5 ու կես ժամ տևած վիրահատությունից հետո փրկել են 18-ամյա զինծառայող Հայկ Խաչատրյանի կյանքը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ նշելով, որ Հայկի մայրը՝ Թամարա Բաղդասարյանը, նշել է, որ հոսպիտալի բժիշկները կողմնորոշվել են արագ և վարպետորեն կատարել են իրենց աշխատանքը։
Թամարա Բաղդասարյանի խոսքով՝ Հայկ Խաչատրյանին որովայնի շրջանում ուժեղ ցավերով, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Ջաբրայիլի հոսպիտալ։ Պարզվել է, որ կույրաղիքը պայթել է, և սկսվել է բորբոքում:
«Հոսպիտալի բժիշկներն անմիջապես ձեռնամուխ են եղել վիրահատության»,-պատմել է Հայկի մայրը՝ նշելով, որ նույնիսկ նախավիրահատական շրջանին պատրաստվելու հնարավորություն չեն ունեցել:Հայկ Խաչատրյանն այժմ գտնվում է մայրական խնամքի արձակուրդում:
Թամարա Բաղդասարյանը նշում է, որ որդին հիմա արդեն լավ է զգում, երկրորդ վիրահատության վտանգ կար, սակայն ամեն ինչ շատ լավ անցավ, դրա կարիքն այլևս չկա։
«Մինչև կյանքիս վերջ պարտական եմ հոսպիտալի բժիշկներին: Ուզում եմ հատուկ նշել վիրաբույժներ Արամ Անտոնյանին և Հովհաննես Եղոյանին»,-նշել է Թամարա Բադասրայանը՝ հավելելով, որ զորամասի հրամանատարը ևս շատ հետևողական է եղել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







