ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը։
Արման Թաթոյանը նշել է, որ խոսքի և լրագրողական գործունեության ազատությունը երկրի ժողովրդավարական զարգացման հիմնարար ցուցիչներից է:
«Դուք անգնահատելի աշխատանք եք կատարում հասարակության տեղեկատվություն ստանալու իրավունքը երաշխավորելու և այլակարծությունը խթանելու հարցերում: Գլխավորապես ձեր աշխատանքի շնորhիվ է քաղաքացին պատկերացում կազմում հանրային մարմինների ու այդ մարմինները ներկայացնող պաշտոնատար անձանց աշխատանքի մասին: Այդ կերպ է երաշխավորվում քաղաքացիական վերահսկողությունը պետության նկատմամբ»,- նշել է ՀՀ Մարդու իրավուքների պաշտպանը։
Արման Թաթոյանն ընդգծել է մասնագիտական աշխատանքի հանդեպ ցանկացած ոտնձգություններից լրագրողների՝ պետության կողմից պաշտպանված լինելու իրավունքը՝ նշելով, որ լրագրողական աշխատանքի անխոչընդոտ իրականացման համար համակարգային առումով երկրում պետք է ձևավորվի համապատասխան մթնոլորտ։
«Միևնույն ժամանակ, խոսքի ազատության իրավունքի իրացումը ենթադրում է նաև պատասխանատու լրագրություն: Լրատվական գործունեության տեսանկյունից այդպիսի պարտականություն է մասնագիտական բարձր պրոֆեսիոնալ և բարեխիղճ աշխատանքը՝ լրագրության հանրահայտ սկզբունքների պահպանմամբ: Թող որ «Մի՛ վնասիր» հիմնարար սկզբունքը ձեր աշխատանքում մշտապես լինի առաջնային, քանի որ դուք իրականացնում ենք հանրային կարևոր գործառույթ՝ նպաստելով ժողովրդավարության զարգացմանը»,- ասված է ՀՀ Մարդու իրավուքների պաշտպանի ուղերձում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







