ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է եվրոպական ամենամեծ ավիաընկերությանը՝ Ryanair-ին, որը պաշտոնապես հայտարարեց, որ 2020 թվականի հունվարից մտնում է հայկական ավիափոխադրումների շուկա և 2020 թվականի հունվարից կանոնավոր թռիչքներ պետք է իրականացնի Հռոմից Երևան, Միլանից Երևան, իսկ ամռանից՝ նաև Բեռլինից Երևան:
Փաշինյանն իր հայտարարության մեջ ընդգծել է, որ ամռանը կսկսվեն Մյունխենից դեպի Գյումրի թռիչքներ:
Վարչապետը նշել է, որ Ryanair-ի մուտքը հայկական շուկա միանշանակ ավելացնելու է զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան և հանգեցնելու է ավիատոմսերի գների անկման:
«Բոլոր այն ուղղությունների համար, որոնցով վերջին մեկ տարվա ընթացքում Երևանից կամ Գյումրիից թռիչքներ չեն իրականացվել, կառավարությունը պարտավորվել է վերացնել «օդի տուրքը», իսկ Գյումրիի պարագայում գործելու են նաև լրացուցիչ ֆինանսական խթաններ»,- ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ սա բաց առաջարկ է, որից կարող են օգտվել բոլոր տեղական և օտարերկրյա ավիաընկերությունները:
«Առաջին ծիծեռնակը դարձավ Ryanair-ը»,- շեշտել է վարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







