Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Բարեփոխելով աշխարհը» փառատոնի հիմնադիր, հայտնի պրոդյուսեր և ռեժիսոր, ամերիկյան «Associated Television International» ֆիլմարտադրող ընկերության ղեկավար Դեյվիդ ՄաքՔենզիին և փառատոնի համահիմնադիրների ու կազմակերպիչների խմբին: Այս մասին փոխանցում է ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության բաժինը։
Դեյվիդ ՄաքՔենզին հայտնել է, որ փառատոնի հատուկ մարդասիրական մրցանակը (Humanitarian Award) որոշվել է շնորհել նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանում կառավարության խաղաղ տրանսֆորմացիային մեծապես աջակցելու, ինչպես նաև հումանիտար գործունեության և մարդու իրավունքների պաշտպանության գործում ունեցած ներդրման համար: Նա նախագահ Սարգսյանին է փոխանցել մրցանակի հավաստագիրը:
Նախագահ Սարգսյանը մեծ պատիվ է համարել նման մրցանակի արժանանալը և դրվատանքի խոսքեր է ուղղել հյուրերին՝ իրենց գործունեության մեջ Հայոց ցեղասպանության թեմային անդրադառնալու համար:
Հյուրերն իրենց պատրաստակամությունն են հայտնել Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցելու՝ մասնավորապես նշելով, որ մտադիր են Հայաստանում կինոյի դպրոց հիմնել, որը հանդես կգա որպես Լոս Անջելեսում գործող դպրոցի գործընկեր կառույց:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







