2019 թվականի «Ավրորայի» հերոսները ներկայացնում են իրենց պատմությունն ու աշխատանքը։ Ի՞նչ փորձությունների միջով են անցել, ի՞նչն է նրանց խրախուսում գործել և ո՞րն է այն աջակցությունը, որը թույլ կտա առավել շոշափելի և դրական փոփոխությունների հասնել իրենց համայնքներում:
Մարդու իրավունքների պաշտպան և ակտիվիստ Հուդա Ալ-Սարարին իրավաբանական աջակցություն է ցուցաբերում պատերազմից ավերված Եմենում ապրող մարդկանց, որոնց իրավունքները ոտնահարվել են։ 2017 թվականին Ալ-Սարարիի գործունեության արդյունքում բացահայտվեցին գաղտնի բանտեր, որտեղ մարդկանց խոշտանգումների ու բռնաճնշումների էին ենթարկում։ Ավելի քան 100 մարդ ազատ արձակվեց նրա շնորհիվ։
«Զինված մի խմբավորում որդուս սպանեց իմ աչքի առաջ։ Ես չկարողացա ոչինչ անել։ Բայց այսօր նա շարունակում է ոգեշնչել ինձ, որ շարունակեմ կատարել աշխատանքս։ Մենք փորձում ենք աշխարհին բացատրել, թե ինչ է կատարվում Եմենում։ Այսօր էլ կիզիչ արևի տակ շատերը դեռ ենթարկվում են հարձակումների։ Ցավոք, այդ մարդիկ պարզապես ցանկանում են իմանալ՝ ուր են իրենց երեխաները։ Ես գիտեմ, որ նրանցից ոմանք անհետացել ու սպանվել են։ Եթե դառնամ այս տարվա մրցանակ ստացողը, նպատակ ունեմ ստեղծել իրավաբանների խումբ, որոնք կօգնեն մեր երկրում բարելավվել իրավունքի գերակայության խնդիրը, ապահովել տառապանքի միջով անցած մարդկանց ինտեգրումը հասարակության մեջ»։
Եզդի ակտիվիստ Միրզա Դիննային Իրաքից տեղափոխվել է Գերմանիա, որպեսզի խուսափի հետապնդումից։ Այժմ նա օգնում է եզդիների ցեղասպանության զոհերին։ 2014 թվականին, երբ նա կատարում էր փրկարարական գործողություններ՝ ջուր ու սնունդ մատակարարելով Իրաքում գտնվող եզդիներին, փրկվեց ուղղաթիռի վթարից։ Երկու տարի անց Միրզա Դիննայիի շնորհիվ ավելի քան 1000 եզդիներ Իրաքից տեղափոխվեցին Գերմանիա։
«Երբ փորձում ես օգնել մարդկանց՝ պարզապես ջուր և ուտելիք հասցնելով նրանց, դառնում ես հարձակումների թիրախ։ Երբ վեց երեխայի տեղափոխում էի Գերմանիա, այն, ինչ տեսա նրանց աչքերում, փոխեց իմ ամբողջ պատկերացումները։ Ես զգացի, որ պարտավոր եմ ինչ-որ բան անել։ Հիմա այդ մարդկանց մեծ մասն ապրում է Գերմանիայում, երեխաներն այնտեղ դպրոց են հաճախում, նորից փորձում ինտեգրվել հասարակության մեջ։ Դա հրաշալի է։ Ես ուզում եմ հասնել նրան, որ բոլորը ճանաչեն եզդիների ցեղասպանությունը։ Իմ համայնքի 80 տոկոսը դեռ բնակվում է փախստականների ճամբարում ․ պետք է աջակցել»։
Զաննան Բուկար Մուստաֆայի հիմնած դպրոցը 2007 թվականից ապահովել է ավելի քան 3000 որբ ու անպաշտպան նիգերիացի երեխաների անվճար կրթությունը։ 2016 թվականին նա հանդիպել է «Բոկո Հարամ» նիգերիական իսլամիստական կազմակերպության ներկայացուցիչների հետ և բանակցել, որպեսզի ազատ արձակեն առևանգված 103 աղջիկներին։
«Երբ սկսեցի այս աշխատանքն անել, հասկացա, որ մարդասիրական օգնություն ցուցաբերելը շատ կարևոր է, ես ուզում եմ իմ ազդեցությունն ունենալ այդ ամենում։ Մտածում էի՝ արդյոք երեխաները պետք է այս ամենի մաս կազմեն։ Ես որոշեցի կանգնել բոլոր որբևայրիների կողքին ու օգնել նրանց դուրս գալ այդ իրավիճակից։ Մենք մի վիճակում ենք, երբ մեզ անհրաժեշտ է կրթություն ու երկխոսություն, իսկ «Ավրորան» միտված է այդ երկուսի ձևավորմանն ու զարգացմանը։ Ես ուզում եմ օգտագործել այս հարթակը հօգուտ մարդկանց»։
Աննա Կոստանյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







