Մասնագիտությամբ լրագրող, փիլիսոփա և գործարար Լևոն Հայրապետյանը Մարտակերտի շրջանի Վանք գյուղից է:
Նա Արցախի պատմության մեջ ամենախոշոր ներդրողներից մեկն է։ Նրա ծրագրերն իրագործվել են Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Գործարարի միջոցներով 2000-2002 թվականներին վերակառուցվել է հայկական հռչակավոր Գանձասարի վանական համալիրը, որը ներկայումս Արցախի ամենաբարեկարգված սրբավայրերից մեկն է համարվում։
Վանք գյուղի վանական համալիրի շրջակայքը ևս բարեկարգվել է նրա միջոցներով: Լևոն Հայրապետյանն իր վրա է վերցրել նաև «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու այն հատվածի շինարարության ծախսերը, որն անցնում է Գանձասարի վանական համալիրի շրջակայքով։
2014թ. հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Լևոն Հայրապետյանին ձերբակալել են, ուր նա ժամանել էր Մոնակոյից։Դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման: 2016 թ.-ին տեղափոխվել էր Մորդովայի բանտ, որը համարվում է Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը:
2016-ի ապրիլին գործարարին ազատ արձակելու կոչ-հայտարարություն էին տարածել նաեւ ԼՂՀ ԱԺ խմբակցությունները. «Հաշվի առնելով Լևոն Հայրապետյանի օրեցօր վատթարացող առողջական վիճակը՝ ԼՂՀ ԱԺ պատգամավորական խմբակցությունները Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններին հորդորում են մարդասիրական վերաբերմունքից ելնելով գործող օրենսդրության շրջանակներում վերանայել կալանքի պայմանները, օբյեկտիվ վերաքննությամբ էապես մեղմել սահմանված պատիժը և ազատ արձակել նրան»:
Լևոն Հայրապետյանը մահացել է 2017 թվականի հոկտեմբերի 18-ին՝ 68 տարեկան հասակում, Մոսկվայից 750 կմ հեռու գտնվող Մորդովիայի քրեակատարողական հիմնարկում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







