ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի օրվա կապակցությամբ։ Ուղերձում մասնավորապես ասվում է․
«Սիրելի՛ երևանցիներ,
Սիրելի՛ հայրենակիցներ աշխարհի տարբեր կողմերում,
Երևանի հարգելի՛ բարեկամներ ու հյուրեր,
Այսօր ամենայն հայոց մայրաքաղաքի տոնն է՝ Երևանի օրը:
Մեզնից յուրաքանչյուրն ունի իր Երևանը, որոնք միանում ու դառնում են մեկն ու միակը:Երևանը բոլորինս է, աշխարհի որ կետում էլ գտնվենք»:
Նախագահն ուղերձում ընդգծել է, որ Երևանի պատմամշակութային ժառանգությունը մեր արժեքների անբաժանելի մասն է: Այն պետք է պահպանել ու փոխանցել սերնդեսերունդ՝ որպես հպարտություն, որպես ազգային կենսունակության վկայություն, ոգեշնչման անփոխարինելի աղբյուր:
«Երևանը կարելի՛ է սիրել և պե՛տք է սիրել նաև նրա հանդեպ հոգատար ու սրտացավ լինելով: Երևանը միայն արտաքուստ է քարի քաղաք: Իրականում այն չափազանց նուրբ է ու զգայուն: Երևանը հիշողություն ունի: Երևանը լայնաժպիտ կանչում ու մեծահոգաբար ընդունում է բոլորիս: Երևանը ներողամիտ է նույնիսկ նրա հանդեպ, ով նեղացած կամ տխուր է հեռացել մեկ օր, մեկ ժամ, մեկ տարի կամ երեսուն տարի առաջ»,- հավելել է Արմեն Սարգսյանը:
Նախագահն իր ուղերձում նշել է, որ Երևանն այսօր ևս մեկ էջ է ավելացնում շուրջ երեքհազարամյա իր պատմությանը, և այդ պատմությունը գրվում է ամեն մեկիս միջոցով՝ մեր աշխատանքի, մեր վերաբերմունքի, արարումի, խոհի միջոցով՝ հայրենիքում կամ նրա սահմաններից դուրս:
«Տոնդ շնորհավոր, Երևա՛ն, իմ սե՛ր»,- նշված է ուղերձի վերջում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







