Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կայացած «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովի շրջանակում զրուցել է Ստեփանավանից 11-րդ դասարանցի Էդիկ Նազարյանի հետ։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կրթությունը շարունակական գործընթաց է և անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրի կրթական մակարդակն ամեն հաջորդ օր նախորդ օրվա համեմատ ավելի բարձր լինի։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ շատերը կրթություն ասելով հասկանում են ժամանակաշրջան, որը սկսվում է առաջին դասարանից կամ նախակրթարանից և ավարտվում է համալսարանում:
«Ինձ համար կրթությունը շարունակական պրոցես է, և այդ է պատճառը, որ հիմա մենք քննարկում ենք մեր երկրում ռազմավարական տեսլական: Մեր նպատակն է կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս կերպ մարդ պետք է շարունակի կրթություն ստանալ ողջ կյանքում:
ՀՀ վարչապետի կարծիքով կրթությունը միայն ակադեմիական գիտելիքներ ձեռք բերելը չէ, այլ ամեն ինչ սովորելը:
«Կրթություն է խոսելը, կրթական զարգացման կարիք ունի խոսելու, շփվելու ձևը: Դա վերաբերվում է բոլորին՝ սկսած արհեստավորից ավարտած արվեստագետով, պետական պաշտոնյաներով և այդպես շարունակ»,- ասել է ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կրթության ամենակարևոր բաղադրիչը ինքնակրթությունն է:
«Կրթական համակարգի ամենամեծ դերը մարդուն, երեխային, աշակերտին, ուսանողին քաջալերելն է դեպի ինքնակրթություն, որովհետև դասարանում էլ, լսարանում էլ ամենահաջողված աշակերտներն ու ուսանողները նրանք են, ովքեր այդ պրոցեսը չեն ընկալում որպես վարչական որոշում, որ ուրիշներն իրենց պարտադրում են ինչ-որ բան սովորել, այլ իրենք են փորձում հագեցնել իմացության իրենց ծարավը, հետևաբար կրթության ամենակարևոր բաղադրիչն իմ կարծիքով, ինքնակրթությունն է»,- ասաց վարչապետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







