Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ճապոնիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է սննդի արդյունաբերության ոլորտում ճապոնական հայտնի Asahi Group ընկերության նախագահ Ակիյոշի Կոժիի հետ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ակիյոշի Կոժին ՀՀ նախագահին պատմել է ընկերության արտադրության հիմնական ուղղությունների, տարբեր շուկաների հետ համագործակցության մասին:
Արմեն Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը հետաքրքրված է ճապոնական ընկերությունների հետ համագործակցությամբ:
Փոխգործակցության հեռանկարային ուղղություններից մեկը նախագահը համարել է սննդի վերամշակման, մատակարարման և անվտանգության ոլորտը:
«Ձեր ընկերության արտադրանքը հայտնի է ողջ աշխարհում, այդ թվում՝ նաև Հայաստանում, սակայն մեր երկրում ձեր ներկայությունը շատ փոքր է: Կարծում եմ՝ հնարավոր համագործակցությունը կօգնի զարգացնել փոխադարձ հետաքրքրությունները»,-նշել է ՀՀ նախագահը:
Asahi Group ընկերության ղեկավարը նշել է, որ ուրախ կլինեն իրենց արտադրությամբ ավելի լայն ներկայացված լինել Հայաստանում և տարածաշրջանում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ընկերության ներկայացուցիչներն առաջիկայում կայցելեն Հայաստան՝ համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու և քննարկելու նպատակով։
Asahi Group-ը Ճապոնիայում գարեջրի և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող առաջատար ընկերություն է, որը վերջին տարիներին ակտիվ գործունեություն է ծավալում նաև սննդի արտադրության և վերամշակման ոլորտում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







