«Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի շնորհիվ կկանխարգելվի երեխաների մուտքը գիշերօթիկ խնամքի հաստատություններ, այն կնպաստի նրանց վերաինտեգրմանը իրենց իսկ ընտանիքներում կամ այլընտրանքային ընտանիքահեն միջավայրում:
Ծրագրի մասին Armenia Today-ի թղթակիցը զրուցել է «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի ղեկավար Գայանե Մարտիրոսյանի հետ, ով նշեց, որ ծրագրի նպատակը համայնքահեն ծառայությունների հիմնադրումն է, այսինքն նպաստել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների համար խնամքի և սոցիալական պաշտպանության որակյալ ծառայությունների ստեղծմանը։
Գայանե Մարտիրոսյանը շեշտեց, որ այս ծրագիրը կաջակցի, որ գիշերօթիկ խնամքի հաստատությունները ձևափոխվեն և դառնան խոցելի երեխաների համար այլընտրանքային համայնքահեն խնամքի կենտրոններ, իսկ կենտրոնների կողմից տրամադրվող ծառայությունները կընդլայնվեն՝ ներառելով վերականգնողական, սոցիալական մի շարք ծառայություններ։
Ծրագրի ղեկավարը նշեց, որ ծրագիրի տևողությունը 3 տարի է. այն մեկնարկել է 2019 թ-ի փետրվարի 1-ին և ավարտվելու է 2022 թվականի հունվարի 31-ին։
Նշենք, որ ծրագիրը լինելու է շարունակական. բարձր ռիսկային գոտում գտնվող երեխաների հետ աշխատանքներն անկախ ֆինանսավորումից այս ծրագրի շրջանակներում շարունակվելու են:
Ծրագրի ղեկավարն իր խոսքում նշեց, որ իրենք համագործակցում են պետության հետ. պետությունն իրենց աջակցելու է հատուկ հաստատություններում գտնվող երեխանների կարիքների գնահատմամբ և անհատական զարգացման ծրագրերի մշակմամբ։
«Մենք ունենք ևս երկու գործընկեր, որոնցից մեկն օգնելու է խնամատար ընտանիքի ինստիտուտի կայացմանը և զարգացմանը, իսկ մյուսը՝ ներառական կրթության մասով աջակից գործընկեր-կազմակերպություն է, որն օգնելու է ոչ միայն գիշերօթիկների, այլ նաև հատուկ դպրոցների վերակազմակերպման գործընթացից առաջացող խնդիրների հաղթահարմանը՝ մասնավորապես ներառական դպրոցների համար ուսուցիչների լիարժեք վերապատրաստմանը»,- նշեց ծրագրի ղեկավարը։
Անդրադառնալով երեխաների և նրանց ընտանիքների հետ տարվող աշխատանքներին՝ ծրագրի ղեկավարը նշեց, որ այդ աշխատանքները խիստ անհատական բնույթ են կրում՝ պայմանավորված նրանով, թե երեխան ռիսկայնության ինչ աստիճանում է գտնվում:
Նշենք, որ Վորլդ Վիժնը ներկա դրությամբ աշխատում է 13 գրասենյակների միջոցով՝ Լոռու, Շիրակի,Տավուշի, Սյունիքի, Արմավիրի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







