Այսօր` հոկտեմբերի 27-ին, ՀՀ Արագածոտնի մարզում ժամը 09։00-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 ահազանգ է ստացվել, ըստ որի՝ Անտառուտ գյուղի տներից մեկի մոտ պայթյուն է որոտացել, և կան տուժածներ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու փրկարարները նշված գյուղի 2-րդ փողոցի թիվ 3 տան բակում հայտնաբերել են Նորիկ Մադոյանի և նրա կնոջ՝ Վարդուհի Մադոյանի դիերը։
Աղբյուրը հայտնում է, որ 1 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ պայթյունը որոտացել է ավտոմեքենայի գազաբալոնի միջոցով կրակ ստանալու փորձերի արդյունքում․
«Ամուսիններն իրենց ավտոմեքենայի գազաբալոնից ռետինե խողովակ են միացրել և այն երկարացված վիճակում բերել ու այգում տեղադրված օղի թորելու հարմարանքին են միացրել՝ փորձելով այդ կերպ կրակ ստանալ, ինչն էլ, ցավոք, պայթյունի պատճառ է դարձել»։
Պայթյունի ուժգնությունից տան քարե ցանկապատը փլուզվել է, լուսամուտներն ամբողջովին կոտրվել ու մի քանի մետր շպրտվել են այն կողմ։ Կնոջ մարմինն ամբողջովին մասերի է բաժանվել, ամուսնու մարմինն էլ 2 մասի է բաժանվել։