Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է Էրդողանի՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման վերաբերյալ արված քննադատությանը։
Փայլանը նշել է, որ պատմաբանները չեն կարող առերեսվել այն ցեղասպանության հետ, որը Թալեաթ փաշայի քաղաքական որոշմամբ է իրագործվել։
«Այն, ինչ տեղի է ունեցել իմ (հորական) տատի հետ, չի կարող լինել հնագետների հարցը»,- այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել Կարո Փայլանը։
Նշենք, որ Էրդողանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության հարցը պատմաբանների, հնագետների գործն է:
«Այս հարցին թող քաղաքական աստառ չտան»,- նշել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից բանաձևին կողմ է քվեարկել 405 պատգամավոր, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չէր մասնակցել քվեարկությանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







