«Հայ պար» բառակապակցությունը լսելիս առաջինն, ում հիշում ենք, Վանուշ խանամիրյանն է: Նա 1968 թ.-ին ստանձնեց Հայաստանի պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր բալետմեյստերի պաշտոնը: Նա անսամբլ եկավ դասական բալետից և այն էլ որպես փառաբանված պարող, պարողներից առաջինը հանրապետության ժողովրդական արտիստի կոչմանն արժանացած:Բալետային արվեստի սիրահարները միշտ հիշում են Խանամիրյանի ստեղծած կերպարները` Ներսես, Սասունցի Դավիթ, Գիրեյ, Սպարտակ, Լոռեցի Սաքո, Արքայազն և այլն:
Դասական բալետից անցումը ժողովրդական պարարվեստին թեև տեղի ունեցավ պատահականորեն, սակայն արտիստը լիովին պատրաստ էր դրան: Ժամանակին նա ընդունեց Թաթուլ Ալթունյանի հրավերը՝ Հայաստանի երգի-պարի անսամբլում աշխատելու որպես բալետմեյստեր:
Դա ժողովրդական և բալետային պարարվեստի զուգորդման նրա առաջին փորձն էր, որը փայլուն արդյունք ունեցավ
Նա ոչ միայն գործնականում, այլև տեսականորեն ուսումնասիրեց հայ պարի և առհասարակ հայ մշակույթի պատմությունը:Նրա սեղանի գիրքը դարձավ Սրբուհի Լիսիցյանի «Հայ ժողովրդի հինավուրց պարերը և թատերական ներկայացումները» ուսումնասիրությունը:
Բալետմեյստեր Վանուշ Խանամիրյանը որոնում էր պարի նոր տարբերակներ, կատարելագործում հային բնորոշ «Բերդ»-ի գեղագիտական ողջ համալիրը:
Վանուշ Խանամիրյանի մյուս բեմադրությունում` «Սարդարապատում» ողջ դրամատիզմը կառուցված է հերոսական և քնարական տրամադրությունների հակադրության վրա: Երկու արտաքուստ հակասական զգացմունքների միաձուլումը ստեղծվում է հրաշալի պար:
Խանամիրյանի բեմադրություններից առանձնանում է «Կակաչներ» պարը: Այդ մտահղացումը` աղջիկ-կակաչ, համահնչուն է նկարիչ Սուրեն Ստեփանյանի «Իմ երազանքը» կտավին:
Նա մի նոր բարձունքի հասցրեց հայ պարարվեստը և ներկայացրեց ողջ աշխարհում. 1962թ-ից հյուրախաղերով հանդես եկավ աշխարհի բազմաթիվ երկրներում: 2000թ-ից հիմնադրել և ղեկավարել է Հայաստանի պարարվեստի գործիչների միությունը, որը 2009թ-ից կրում է իր անունը: 2004թ. ստեղծել է վետերան-պարուսույցների «Վանուշ» պարախումբը, իսկ 2010թ.` «Բարդիներ» պարախումբը:
1963թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1998թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի: Մահացել է Երևանում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







