Նոյեմբերի 5–ին Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցներն նամակ են հանձնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայկ Մարությանին՝ պահանջելով, որ տնօրենը՝ Ռուբեն Խաչատրյանը, օրենքով սահմանված ժամկետում հետ վերցնի իր հրաժարականի դիմումը։ Այս մասին Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում նշել է Երևանի կենդանաբանական այգու տնօրենի օգնական Վալյա Մարգարյանը։
Դիմումում մասնավորապես նշված է․
«Մեծարգո՛ պարոն վարչապետ, հարգելի՛ պարոն քաղաքապետ,
Մենք՝ Երևանի կենդանաբանական այգու ներքոստորագրյալ աշխատակիցներս, ստիպված ենք կրկին նամակով դիմելու Ձեզ.
Մեր կարծիքն ենք հայտնում վերջին օրերին կատարվող իրադարձությունների և դրան հաջորդած մեր տնօրենի հրաժարականի դիմումի վերաբերյալ։ Հայտնում ենք, որ միանշանակ ԴԵՄ ենք նրա լիազորությունների դադարեցմանը՝ հորդորելով նրան օրենքով սահմանված ժամկետում ետ վերցնել իր հրաժարականի դիմումը։
Մեր թիմի և ղեկավարի աշխատանքի արդյունավետության մասին է վկայում տարեկան 250հզ-ից 300հզ այցելուների թվաքանակը, որը չի գրանցվել Կենդանաբանական այգու 80-ամյա պատմության ընթացքում, ինչպես նաև վերջիններիս արձագանքը՝ Այգին 8 տարի առաջ և հիմա տեսնելով։
Այգու զարգացումը, մեր աշխատանքային պայմանների էական բարելավումը, կենդանիների կենսապայմանների ակնբախ բարելավումը, միջազգային համագործակցության օրեցօր ընդլայնումը և բազմաթիվ այլ դրական փոփոխություններ տեղի են ունեցել մեր թիմի միասնական, նվիրական ջանքերով և մենք թույլ չե՛նք տալու, որ այս տեսլականը որևէ կերպ ընդհատվի կամ խաթարվի»։
Վալյա Մարգարյանը զրույցի ժամանակ նշեց, որ օրեր առաջ տարածված տեղեկատվությունը, ըստ որի՝ Կենդանաբանական այգու բոլոր աշխատակիցները աշխատանքից ազատման դիմում են գրել, չի համապատասխանում իրականությանը․
«Աշխատակիցներից ոչ մեկ աշխատանքից ազատման դիմում չի գրել, բացի տնօրեն Ռուբեն Խաչատրյանից»,- ասաց Վալյա Մարգարյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







