Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը կմնա իր պաշտոնում: Այս մասին ՀՖՖ գործկոմի արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը:
Անդրադառնալով ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ մարզիչ Աբրահամ Խաշմանյանի նշանակման վերաբերյալ հնչող տարբեր հայտարարություններին՝ Արթուր Վանեցյանը նշել է, որ Աբրահամ Խաշմանյանի նշանակմանը հետևած կրքերի բորբոքումը զուտ աղմուկ բարձրացնելու փորձ է համարում:
Արթուր Վանեցյանը նշել է, որ քաղաքական դրդապատճառներ չի տեսնում Խաշմանյանի նշանակման վերաբերյալ հնչող հայտարարություններում։
«Տեսնում եմ հետաքրքրություն՝ աղմուկ բարձրացնելու: Ցանկացած քայլ, որ արվում է ընդդեմ ֆուտբոլի, չի արվում ընդդեմ Վանեցյանի, արվում է հայկական ֆուտբոլի դեմ: Ցանկացած ոտնձգություն հայկական ֆուտբոլի դեմ անթույլատրելի է»,- ընդգծել է Արթուր Վանեցյանը։
Անդրադառնալով ՀՀՖ գործկոմի անդամների այն հայտարարությանը, որ Ֆեդերացիայի նախագահն առանց գործկոմի հաստատման չի կարող հավաքականի մարզիչ նշանակել, Արթուր Վանեցյանն ասաց. «Տեղի է ունեցել իրավական կազուս: 2019 թվականի հունիսի 26-ին տեղի էր ունեցել ՀՖՖ հերթական ժողովը, որի ընթացքում հաստատվել էր ՀՖՖ նոր կանոնադրությունը, ըստ որի՝ Ֆեդերացիայի նախագահը կարող է նշանակել բոլոր տարիքային հավաքականների գլխավոր մարզիչներին: Համաձայն Արդարադատության պետական ռեգիստրի՝ այդ կանոնակարգը պետք է ներկայացվեր և 10 օրվա ընթացքում հաստատվեր ռեգիստրում: Սակայն ՀՖՖ աշխատակիցը ինչ-ինչ պատճառներով այդ կանոնադրությունը մուտքագրել է հոկտեմբերի 25-ին»:
Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի մի քանի ներկայացուցիչներ առ ոչինչ էին որակել ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի կողմից Աբրահամ Խաշմանյանին հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու փաստը: