Ռոբերտ Աբաջյանը ծնվել է 1996 թվականին Երևանում: 2003 թվականին ընդունվել է Երևանի թիվ 147 հիմնական դպրոց, որն ավարտել է 2012 թվականին։ Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ, որն ավարտել է 2014-ին՝ ատամնատեխնիկի որակավորմամբ։ 2014 թվականին ընդունվել է Մայր Թերեզայի անվան բժշկական ինստիտուտ:
Ուսումը կիսատ թողնելով՝ Ռոբերտ Աբաջյանը պարտադիր ժամկետային զինծառայության է անցել։ Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել է կրտսեր սերժանտի կոչում։ Ռոբերտ Աբաջյանը զոհվել է 2016 թվականի ապրիլի 2-ին՝ Քառօրյա պատերազմի ժամանակ՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս:
Ապրիլի 8-ին, կողմերի միջև նախապես ձեռք բերված պայմանավորվածությամբ իրականացվում են զոհվածների մարմինների որոնողական աշխատանքներ, որի արդյունքում հայկական կողմը հայտնաբերում է նաև Ռոբերտ Աբաջյանի դին:
2016 թվականի ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին 2016 թվականի մայիսի 8-ին, Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել են «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







