ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն նոյեմբերի 17-ին աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ՝ ծանոթանալու մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։ Դրանք իրականացվում են կառավարություն-համայնքներ համատեղ ֆինանսավորմամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նիկոլ Փաշինյանն այցը մեկնարկել է Եղվարդ համայնքից, որտեղ առաջին կանգառը Զովունի բնակավայրն էր։ Այստեղ իրականացվում է խմելու ջրի ջրագծի կառուցման սուբվենցիոն ծրագիր։ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է հիմնանորոգման աշխատանքների ընթացքը. պատասխանատուները նշել են, որ կառուցվում է 1.5 կմ երկարությամբ շրջանցիկ ջրագիծ, որի արդյունքում Զովունի բնակավայրն ամբողջությամբ ունենալու է անխափան ջրամատակարարում։ Նշվել է, որ ներկայում Զովունիում կան թաղամասեր, որոնք օրական ընդամենը մեկ ժամ ջրամատակարարում են ունենում, և նոր ջրագծի կառուցմամբ բնակավայրում ջրամակատարարումը կլինի լիարժեք։
Հաջորդիվ կառավարության ղեկավարը հետևել է Եղվարդից դեպի Աշտարակ տանող կամուրջի հիմնանորոգման շինաշխատանքների ընթացքին։ Վարչապետին զեկուցվել է, որ ընթացքի մեջ են ապամոնտաժման աշխատանքները, այս տարի նախատեսվում է կառուցել կամուրջի հենասյուները և հեծանները, իսկ ծրագրի ավարտը նախատեսվում է մյուս տարի։ Վարչապետ Փաշինյանն այնուհետև այցելել է Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի շինհրապարակ, որը նույնպես հիմնանորոգվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարը ծանոթացել է աշխատանքների ընթացքին, նշվել է, որ մանկապարտեզն ամբողջությամբ կապիտալ նորոգվում է, շինարարական աշխատանքների ավարտից հետո այն ընդլայնվելու է և նախատեսված է լինելու երեխաների 12 խմբի՝ շուրջ 300 երեխայի համար։
Նիկոլ Փաշինյանն այցի ընթացքում եղել է նաև Եղվարդ համայնքի Զորավան բնակավայրի մանկապարտեզ-արվեստի դպրոցում։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվող այս տարածքում նախատեսվում է կազմակերպել և՜ մանկապարտեզի, և՜ արվեստի դպրոցի գործունեությունը։ Պատասխանատուները տեղեկացրել են, որ գործող մանկապարտեզը տեղափոխվելու է հիմնանորոգվող հարակից՝ ավելի ընդլայնված առանձին մասնաշենք, իսկ դրա տարածքում տեղակայվելու է արվեստի դպրոցը։ Նախատեսվում է, որ սուբվենցիոն ծրագրի իրականացման արդյունքում Զորավանի մանկապարտեզի խմբերի թիվը կավելանա ևս մեկով, իսկ այժմ Զորավանից Եղվարդի արվեստի դպրոց հաճախող 44 երեխա Եղվարդ հասնելու փոխարեն կայցելեն Զորավանի արվեստի դպրոց։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ շինարարական աշխատանքները պետք է իրականացվեն պատշաճ որակով՝ փաստաթղթային մակարդակից մինչև շինարարություն և հավելել, որ մարզպետներն անձնական պատասխանատվություն են կրում սուբվենցիոն ծրագրերի որակի և բովանդակության համար։
Կառավարության ղեկավարի այցի հաջորդ կանգառը Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքն էր, որտեղ նա ծանոթացել է գազիֆիկացման և ասֆալտապատման սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։ Վարչապետին ներկայացվել է, որ աշխատանքների արդյունքում ամբողջությամբ գազիֆիկացվում է Երզնկա թաղամասը, մեկնարկը նախատեսվում է տալ այս ամսվա վերջին։ Նիկոլ Փաշինյանը շրջել է Նոր Երզնկա համայնքում, ծանոթացել ասֆալտապատման աշխատանքների արդյունքներին, այցելել Վերին Երզնկա թաղամաս, որտեղ 1965 թվականից ի վեր առաջին անգամ կառավարություն-համայնք համատեղ ֆինանսավորմամբ ասֆալտապատում է իրականացվել։
Նշվել է, որ սուբվենցիոն ծրագրով այս տարվա ընթացքում թաղամասի բոլոր փողոցներն ասֆալտապատվել են, ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են հոկտեմբերի կեսերին։
Նոր Երզնկայից Նոր Հաճն ուղևորվելու ճանապարհին Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Եղվարդի հանգույց-Աշտարակ՝ Երևանը շրջանցող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին և միջանկյալ արդյունքներին։ Նշվել է, որ ընդհանուր 12.7 կիլոմետրից հիմնանորոգվել է 4 կիլոմետրը, ինչը և նախատեսված է եղել այս տարվա ծրագրով, և մինչև տարեվերջ այն կհանձնվի շահագործման։ Նախատեսվում է 2020 թ. գարնան ամիսներից կսկսվի մնացած ճանապարհի հիմնանորոգումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







