Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հիշեցնում է, որ անվճար SMS հաղորդագրության միջոցով քաղաքացիները կարող են ծանուցվել կատարողական վարույթներով կիրառված արգելանքների մասին: Այս մասին տեղեկանում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Ֆեյսբուքյան էջում արված գրառումից։
Համաձայն հաղորդագրության՝ այն քաղաքացիներն, ովքեր ցանկանում են անվճար SMS հաղորդագրության միջոցով ծանուցվել իրենց նկատմամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվող կատարողական վարույթներով կիրառված արգելանքների մասին, անհրաժեշտ է բջջային հեռախոսից զանգահարել (060)570-402 հեռախոսահամարին և հետևելով ավտոմատ համակարգի հրահանգներին՝ հավաքելով իրենց հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ)՝ գրանցվել Ծառայության SMS ծանուցումների գրանցման շտեմարանում։
«Գրանցվելուց հետո, եթե ձեր նկատմամբ հարուցվի կատարողական վարույթ, ապա ձեր կողմից գրանցում կատարած բջջային հեռախոսահամարին կստանաք SMS հաղորդագրություն, որում նշված կլինի հարուցված կատարողական վարույթի համարը, պահանջատիրոջ անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անուն, ազգանուն) և ձեր գույքի ու դրամական միջոցների վրա կիրառված արգելանքի չափը»,- ասված է հաղորդագրությունում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







