Հանրային խորհրդի անդամների նախաձեռնությամբ նոյեմբերի 19-ին հրավիրվել է արտահերթ նիստ։ Նիստը կայացել է խորհրդի անդամների մեկ քառորդի նախաձեռնությամբ։
Խորհրդի անդամների առաջարկով՝ նիստը նախագահել է խորհրդի ամենաավագ անդամ Յուրի Ջավադյանը:
Նիստի օրակարգային գլխավոր հարցը եղել է Հանրային խորհրդի նախագահի հրաժարականի հետևանքով խորհրդում ստեղծված իրավիճակի և խորհրդի հետագա գործունեության հետ կապված հարցերի քննարկումը։
Խորհրդի անդամներն անդրադարձել են նոյեմբերի 13-ին Վազգեն Մանուկյանի կողմից իրենց ուղղված նամակին, որտեղ վերջինս հայտնում է ՀԽ անդամակցությունը դադարեցնելու որոշման և դրա պատճառների մասին։
Նիստի շրջանակներում քննարկվել է նաև Հանրային խորհրդի շուրջ հրահրվող բացասական մթնոլորտը։
Խորհրդի անդամներն անընդունելի են համարել իշխանական որոշակի շրջանակների կողմից դրսևորվող ոչ պատշաճ վերաբերմունքն ու հրապարակային ելույթները խորհրդի գործունեության վերաբերյալ:
Խորհրդի անդամների համոզմամբ՝ ՀՀ կառավարության, ինչպես նաև պետական իշխանության այլ մարմինների հետ Հանրային խորհրդի արդյունավետ համագործակցության համար առնվազն անհրաժեշտ է ապահովել փոխադարձ հարգանք և կառուցողական մթնոլորտ։
Քննարկելով Հանրային խորհրդի հետագա գործունեության հետ կապված հարցերը՝ որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի ստեղծված իրավիճակում խորհրդի առաջիկա աշխատանքները կազմակերպելու, նիստերի օրակարգային հարցերը ձևավորելու խնդիրներով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







