Երևանի Կենդանաբանական այգու թռչունների բաժնի ավագ խնամող Գարեգին Խլղաթյանը երեք օր առաջ է աշխատանքից ազատվել։ Այս մասին նա հայտարարեց Երևանի քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ։
«Իմ բաժնում տուբերկուլոզ հիվանդություն է հայտնաբերվել։ Դրանից հետո թռչունները սկսել եմ սատկել, հիմա մեղքն ուզում են գցեն ինձ վրա։ Թռչունները 15 օր միայն աղացած գարի են կերել, միս չեն կերել։ Ինձ էլ կանչեցին և «զոռով» գործից ազատեցին։ Ասել եմ՝ հիվանդություն է, կեր բերեք, որ թռչուններն սնվեն իմունիտետները չընկնեն»,- հայտարարեց այգու արդեն նախկին աշխատակիցը։
Հիշեցնենք, որ Կենդանաբանական այգու նախկին և ներկա աշխատակիցները հերթական բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ այգում շարունակվող կենդանիների սպանդի։
Նրանք այսօր իրենց ակցիան տեղափոխել են Երևանի քաղաքապետարանի դիմաց։
Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ Երևանի կենդանաբանական այգում վերջին 6 ամսվում բազմաթիվ կենդանիներ են սատկել, սակայն այդ մասին չի բարձրաձայնվել։
Նախկին աշխատակիցները նաև դժգոհում են, որ այգու կենդանիների թիվը կրճատվում է։
Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ Երևանի կենդանաբանական այգում սատկել է հինգ անգղ, մեկ արջ և մեկ բեզոարյան այծ։
Վերջերս էլ այգու տնօրենը տեղեկացրել է, որ վանդակում անշարժացած են գտել յագուարին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







