ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը տեղյակ է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի դպրոցի վիճակի մասին և եղել է այնտեղ։ Այս մասին իր Ֆյեսբուքյան էջում գրառում է կատարել Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածվող Դրախտիկ համայնքի դպրոցի լուսանկարներին։
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ նման դպրոցներ վերակառուցելու ու վերանորոգելու համար անհրաժեշտ են հարյուրավոր միլիոն դոլարներ։
«Գիտեք, որ անցած մեկ ու կես տարում տասնյակ դպրոցներում սկսվել են վերանորոգումներն ու վերակառուցումները, շուտով որպես տարվա ամփոփում համապարփակ տվյալներ կներկայացնենք: Միայն հաջորդ տարի մեր բյուջեով կապիտալ ծախսերը չորս անգամ ավելացել են: Հերթով բոլոր դպրոցները վերակառուցելու ու վերանորոգելու ենք: Մեզ պարզապես ժամանակ է պետք»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը:
Նախարարը նշել է, որ զրուցել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ և տեղեկացել, որ դպրոցը մարզային ենթակայության է:
«Մարզպետը տեղեկացրեց, որ այս տարի տարբեր միջոցներով իրականացրել են պատուհանների փոփոխություն: Այս պահին այլ լուծումներ էլ են տալիս, տարվում են աշխատանքներ դպրոցը գազով ջեռուցելու համար»,- ասված է Արայիկ Հարությունյանի Ֆեյսբուքյան գրառման մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







