ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Փաշինյանն այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում և տեսանյութ հրապարակել։
«Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ ենք դնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,– տեսանյութին կից գրել է նա։
Հիշեցնենք, որ միջազգային հանրությունը դեկտեմբերի 9-ը նշում է որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը:
2015 թ. սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը միաձայն ընդունեց 69/323 բանաձևը, որով դեկտեմբերի 9-ը հռչակվեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր (International Day of Commemoration and Dignity of the Victims of the Crime of Genocide and of the Prevention of this Crime):
Նախաձեռնությունը բխում էր Հայաստանի կողմից ներկայացված ցեղասպանությունների կանխարգելման մասին դրույթներից, որոնք ընդունվել էին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 28-րդ համագումարի ժամանակ: Ներկայիս բանաձևն ուղղված է Հայաստանի ջանքերի ամբողջացմանը, որոնք միտված են ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում միջազգային գործունեության խթանմանն ու կոնսոլիդացիային:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







