Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ազգային ներկայացուցչական ժողովը Պոլսի հայոց 85-րդ պատրիարք ընտրեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանին։
Մյուս թեկնածուն՝ Պոլսի Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն արդեն շնորհավորել է նորընտիր պատրիարքին:
Թեկնածուներից Մաշալյանի ընտրվելը սպասելի էր, քանի որ դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած պատվիրակների ընտրությունից հետո նրա հաղթանակի հավանականությունն արդեն ուրվագծվել էր։
Պատրիարքարանում ընտրությանը մասնակցել են համայնքի կողմից ընտրված աշխարհիկ 102 պատվիրակները և ընդհանուր կրոնական ժողովի կողմից ընտրված 17 հոգևոր պատվիրակները։ Դեկտեմբերի 8-ին ընտրված 102 պատվիրակներից 89-ը Մաշալյանի կողմնակիցներն էին, 12-ը՝ Աթեշյանի:
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 17:00-ին, Սբ Աստվածածին Մայր տաճարում նորընտիր պատրիարքը կհանդիպի հավատավորներին:
Իսկ ընտրությունից հետո երկար ղողանջեցին մայր տաճարի զանգերը՝ ավետելով, որ Հայոց պատրիարքարանը նոր պատրիարք ունի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







