«Ժողովրդի դեմ ուժ չեք կիրառելու ու Ջերմուկն էլ Չեռնոբիլ չի դառնալու»։ Այսպիսի վերնագրով գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, փոխանցելով, որ գործընկերները Ջերմուկից տեղեկություն են փոխանցել, որ արդեն քանի օր է իշխանության տարբեր կառույցների ներկայացուցիչներ բանակցություններ են սկսել Ամուլսարի դիրքերը պահող ջերմուկցիների և ակտիվիստների հետ, որպեսզի վերջիններս ապաշրջափակեն Ամուլսարը:
«Ինձ հետ կապ հաստատած ջերմուկցիները մտավախություն ունեն, որ առաջիկա օրերին հնարավոր է ոստիկանական ուժի կիրառում` Ամուսլարի շրջափակումը ճեղքելու համար:
Կարծում եմ, նրանք, ովքեր կփորձեն ուժ կիրառել իրենց իրավունքները պաշտպանող քաղաքացիների հանդեպ, հստակ պիտի գիտակցեն դրա բոլոր հնարավոր աղետալի հետևանքները: Ջերմուկ և հարակից գյուղեր ուղարկված բոլոր կարգի «դեսանտներին» բնակիչները մեկ պատասխան են տվել` Ջերմուկը Չեռնոբիլ չի դառնալու:
Չանեք քայլ, որի հետևանքները աղետալի են լինելու։
Ուժ որևէ դեպքում, որևէ պարագայում չպիտի կիրառվի»,-ընդգծել է պատգամավորը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







