Բուժաշխատողների նկատմամբ ցանկացած բռնություն պետք է դատապարտվի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՝ մեկնաբանելով «Արաբկիր» բժշկական կենտրոնում տեղի ունեցած միջադեպը։
Նախարարն ընդգծել է, որ նման արարքներին արդարացում չի կարող լինել։
«Ցանկացած բռնության դեպք, կրկնում եմ՝ ցանկացած նման դեպք բուժաշխատողների նկատմամբ պետք է դատապարտելի լինի 10-ապատիկ ավելի, քանի որ բռնության ենթարկվողը կյանքեր է փրկում, այդ թվում բռնարարի կամ նրա հարազատի»,-գրել է Թորոսյանը:
Նա նաև իրավապահներին կոչ է արել բացահայտել մեղավորներին ևպատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ:
Նշենք, որ ավելի վաղ «Արաբկիր» բժշկական կենտրոնը հայտնել էր դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած միջադեպի մասին։ Նշվում է, որ բժշկական կենտրոն են դիմել բարձր ջերմաստիճանով հիվանդանոց տեղափոխված երեխայի ծնողները։
Հաղորդվում է, որ մինչ ընդունարանում բուժանձնակազմն օգնություն է ցուցաբերել երեխային, նրա հայրը ագրեսիվ է վարվել, մասնավորապես կոտրել է բժշկի սեղանի ապակին, վնասել ընդունարանի դուռը, ինչպես նաև պատռել է մեկ այլ հիվանդի հիվանդության պատմությունը: Բժշկական կենտրոնի հաղորդագրության մեջ նշվում է, որ իրավիճակը կարգավորվել է հիվանդանոցի և անվտանգության ծառայության աշխատակիցների միջամտության արդյունքում:
Երեխան տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ հետագա բուժման համար։ Հաջորդ օրը երեխայի ծնողները հրավիրվել են վերակենդանացման բաժանմունքի վարիչի աշխատասենյակ՝ երեխայի վիճակի մասին տեղեկություններ ստանալու համար: Հանդիպման ընթացքում երեխայի հայրը վիրավորել է բաժանմունքի վարիչին և գլխով հարվածել դեմքին, ինչի հետևանքով բժիշկը ստացել է մարմնական վնասվածքներ: Դեպքի մասին տեղեկացվել է Ոստիկանության Արաբկիրի բաժին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







