Սուրբ Սարգսի օրը Հայաստանի Հանրապետությունում ազգային տոն է, որն ամեն տարի նշվում է հունվարի վերջում կամ փետրվարի սկզբում: Սուրբ Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդի Մարտիրոսի և տասնչորս քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից Սուրբ Սարգիսը կարգվել է որպես իշխան և սպարապետ Հայաստանին սահմանակից Կապադովկիայում:
Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր համաձայնությունից՝ իր իշխանության տակ գտնվող քաղաքներում նա քանդել է հեթանոսական մեհյանները, կառուցել եկեղեցիներ և տարածել քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են քրիստոնյաների հալածանքները, Սուրբ Սարգիսը Աստծո հայտնությամբ հրաման է ստացել լքել կայսրությունը: Իր որդու՝ Մարտիրոսի հետ նա ապաստանում է Հայաստանում, որտեղ թագավորում էր Տիրան արքան՝ Մեծն Տրդատի թոռը՝ Պոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա՝ Հայոց արքան, ձգտելով զերծ պահել իր երկիրը հարձակման վտանգից, համոզում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար:
Զինվորներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու նվիրումն առ Աստված, հրաժարվում են հեթանոսությունից և դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակն ու զոհ մատուցել: Սարգիսը կտրականապես մերժում է՝ հայտարարելով. «Պետք է երկրպագել միայն մեկ Աստծուն՝ Սուրբ Երրորդությանը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերն Աստվածներ չեն, քանի որ հողեղեն մարդը կարող է ոչնչացնել դրանք»: Այդ խոսքերից հետո Սուրբ Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Սուրբ Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին՝ Մարտիրոսը: Սուրբ Սարգիսը բանտարկվում է և հավատարիմ մնալով իր հավատքին՝ գլխատվում:
Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս.Սարգսի հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալ մարդիկ նահատակների մարմինները թաղում են Համիան քաղաքում: Սուրբ Սարգիսը հայերի ամենասիրելի սրբերից է: Պատահական չէ, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը տեղափոխել է նրա մասունքները Կարբի-Ուշի (Աշտարակի շրջան), որտեղ հետագայում կառուցվել է նրա անունը կրող եկեղեցի: Հայաստանում Սուրբ Սարգիս զորավարի տոնն ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով: Գոյություն ունեն նաև բարի ավանդույթ դարձած ժողովրդական սովորույթներ: Սուրբ Սարգիսը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ տեղի են ունենում հրաշքներ: Այդ օրը երիտասարդներն աղոթում են և դիմում սրբին, որ իրենց աղոթքները հասնեն առ Աստված: Ս.Սարգսի տոնին նախորդում է Առաջավոր պահքը, որը հաստատվել է Ս.Գրիգոր Լուսավորչի կողմից: Պահքը տևում է հինգ օր:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ Ս․ Սարգիսը տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:
Ըստ ավանդության՝ Ս.Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն ուտում են աղի բլիթ, որից հետո ոչինչ չեն ուտում և չեն խմում, և սպասում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրվան վերաբերում է ևս մեկ սովորույթ. փոխինդով սկուտեղը դնել տանիքին կամ պատշգամբին, և սպասել Ս.Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի՝ Ս.Սարգիսը պետք է անցնի տների մոտ հրեշտակների ուղեկցությամբ: Եվ եթե փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը (մաքրության և անաղարտության խորհրդանիշը), ապա այդ տարի կիրականա սիրահարված երիտասարդի երազանքը: Այսօր երիտասարդները նվիրում են միմյանց բացիկներ, ծաղիկներ և քաղցրավենիք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







