ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան, հանդիպել ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի կուրսանտների և շրջանավարտների հետ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Աննա Հակոբյանի գրասենյակը։
Աննա Հակոբյանը նշել է, որ ՀՀ ՊՆ ռազմաուսումնական համալսարաններում սովորող իգական սեռի կուրսանտներն ամենադժվար իրավիճակում են, քանի որ ճանապարհ են հարթում հետագա սերունդների համար և խորհուրդ է տվել հանուն պետության, հանուն բանակի չհոգնել և բոլոր դժվարությունները տանել սպայի պատվով։
Վարչապետի տիկինը նշել է, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունը պաշտպանող կառույցներն ու այդ կառույցներում աշխատող մարդիկ առանձնահատուկ ակնածանք են վայելում մեր ողջ ժողովրդի կողմից, որովհետև մենք մեր ապրած յուրաքանչյուր խաղաղ օրվա համար պարտական ենք ձեզ։
Աննա Հակոբյանն ընդգծել է, որ հայկական բանակի սպան ու զինվորը վտանգի պարագայում առաջինն են կանգնելու դրան դեմ հանդիպման՝ չխնայելով իրենց կյանքն ու առողջությունը՝ ապահովելու Հայաստանի և Արցախի քաղաքացիների բնականոն կյանքն ու անհոգ քունը
Անդրադառնալով զինված ուժերում կանանց ներգրավվածությանն ու դերին՝ վարչապետի տիկինը նշել է, որ ամբողջ աշխարհում բոլոր առաջատար վերլուծական կենտրոնների հետազոտությունները հանգել են այն եզրակացության, որ կանանց ներկայությունն անվտանգության և պաշտպանության խնդիրներում խիստ շահեկան է յուրաքանչյուր երկրի համար։
«Բոլոր զարգացած երկրները վաղուց արդեն իրենց առաջ խնդիր են դրել մեծացնել կանանց թիվն իրենց պաշտպանական համակարգերում, որովհետև ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ ավելի արդյունավետ են այն զինված ուժերը, որտեղ կանայք ավելի մեծ ներկայություն ունեն»,- ընդգծել է Աննա Հակոբյանը։
Վարչապետի տիկինը նշել է, որ քնքուշ ու կանացի, բայց հայրենիքին սպառնացող վտանգի դեպքում՝ ամուր ու աննկուն հայ կնոջ կերպարը լավագույնս նկարագրված է ժողովրդական բանահյուսության մեջ։
«Մեր երկրի, մեր ընտանիքների շահերից է բխում, որ մենք վերականգնենք այս կերպարը մեր ամուսինների, հայրերի, եղբայրների և փեսացուների աչքում, շահենք նրանց վստահությունն ու հարգանքը՝ մեր նպաստը բերելով Հայաստանի ու Արցախի անվտանգության ամրապնդմանը և խաղաղության վերջնական ու երկարաժամկետ հաստատմանը։ Մանավանդ, որ՝ այդ հարցում ունենք նաև ժամանակակից ոգեշնչող օրինակներ՝ ի դեմ այսօր այս սրահում ներկա կանանց և աղջիկների։ Մեկ անգամ ևս շնորհակալ եմ այս հանդիպման հնարավորության համար»,- եզրափակել է Աննա Հակոբյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







