Պոլսի հայոց նորընտիր պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հյուրընկալվել է թուրքական «A Haber» լրատվականին: Պատրիարքը խոսել է ԱՄՆ-ի Սենատում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից: Հայ-թուրքական հարաբերությունների անցյալի ու ներկայի առումով նա կրկին ակնարկել է 2 երկրների միջև ուղիղ երկխոսության անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
«Օսմանյան շրջանում 2-2.5 միլիոնանոց հայ ժողովուրդ կար: Այս պահին Թուրքիայում 40-60 հազար հայ է ապրում: Վերջին 100 տարվա ընթացքում այս հողերի վրա ապրող հայերի թվի կտրուկ նվազել է»,-նշել է Պոլսո Հայոց պատրիարքը։
Մաշալյանն ընդգծել է, որ հայկական և թուրքական մշակույթները շատ մոտ են իրար:
«Թուրքական արվեստի ու երաժշտության մեջ ավանդ ունեն հայ երաժիշտները: Հայերը իրենց բաժինն ունեն այս մշակույթի ու քաղաքակրթության ստեղծման մեջ, այդ պատճառով հայերը այստեղ տանն են զգում իրենց»,- նշել է Պոլսո Հայոց պատրիարքը։
Անդրադառնալով ԱՄՆ-ի Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը՝ Սահակ Մաշալյանն ասել է, որ այդպիսի իրադարձությունները տեղի են ունենում Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության բացակայության պատճառով:
«Եթե 2 երկրները չկարողանան նստել ու խոսել այս թեմաների շուրջ, ապա դրանք օրակարգ են բերելու Թուրքիայի հետ քաղաքական, տնտեսական կամ ռազմավարական խնդիրներ ունեցող 3-րդ կամ 4-րդ երկրները»,- շեշտել է պատրիարքը՝ հավելելով, որ ինքն անձնապես վիրավորվում է այն բանից, որ վիշտ ապրած մարդկանց հիշողություններն օգտագործվում են որպես գործիք օրվա քաղաքականության մեջ:
Սահակ սրբազանը հիշեցրել է, որ տարիներ շարունակ բոլորը լսում են այսպիսի արտահայտություններ՝ «Կոնգրես է բերվել, արդյո՞ք կընդունվի», «ինչու՞ հանվեց օրակարգից», «ինչու՞ է բերվել Կոնգրես»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







