ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մասնակցել է Դիլիջանի բժշկական կենտրոնի վերաբացմանը։
Բժշկական կենտրոնը հիմնովին վերանորոգվել է, վերակառուցվել և վերազինվել է ժամանակակից սարքավորումներով։ Ներդրումային ծրագիրն իրականացրել է Հարություն Քուշկյանը՝ ներդնելով ավելի քան 2,4 մլն ԱՄՆ դոլար:
Դիլիջանի բժշկական կենտրոնը սպասարկում է Դիլիջանի և հարակից 6 համայնքների շուրջ 20-25 հազար ազգաբնակչությանը: Բուժհաստատությունն ունի 175 աշխատակից, որից 30-ը՝ բժիշկ, անհրաժեշտության դեպքում պարբերաբար իրականացվում են Երևանից ևս 35 բժշկի պարբերական այցելություններ։ Ներդրումային ծրագրի շրջանակում բժշկական հաստատությունն ամբողջովին հիմնանորոգվել է և համալրվել է ժամանակակից սարքավորումներով, ինչը կնպաստի ազգաբնակչությանը ախտորոշիչ, լաբորատոր, էնդոսկոպիկ, վիրաբուժական, մանկաբարձա-գինեկոլոգիական, թերապևտիկ, ամբուլատոր և ստացիոնար ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը:
Տավուշի մարզի առողջապահության զարգացման ծրագրի շրջանակում կենտրոնը սերտորեն համագործակցում է Երևանի առաջատար բժշկական կենտրոնների հետ և ընդգրկված է ՀՀ առողջապահության ոլորտի կազմակերպություններում պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերում: 2019 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ծրագրի՝ պետպատվերի շրջանակում Դիլիջանի բժշկական կենտրոնին հատկացվել է 275 մլն դրամ: Բժշկական կենտրոնն ունի նաև առողջության առաջնային պահպանման օղակ՝ պոլիկլինիկա, ծննդատուն, շտապօգնության ծառայություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







