Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սպասարկված ուղևորների թիվը գերազանցեց 3 միլիոնի շեմը, ինչի կապակցությամբ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության կողմից Մոսկվայից Երևան ժամանած բոլոր ուղևորներին մատուցվեցին անակնկալ նվերներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը:
Սաթենիկ Հովհաննիսյանը նշել է, որ խորհրդանշական նվերների մատուցումը ստացված անակնկալ էր՝ ուղևորների տպավորությունները տեսնելով։
Ըստ նրա՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը տարվա կտրվածքով առաջին անգամ է արձանագրում նման ցուցանիշ՝ նախորդ տարի «Զվարթնոց»-ում ուղևորահոսքը եղել է 2 միլիոն 690 հազար մարդ, և այս տարի, նախորդ տարվա հետ համեմատությամբ, մոտ 11 տոկոս աճ է գրանցվել:
«Կարծում եմ, հետագայում աշխատանքները ավելի մեծ թափով կիրականացվեն, և ուղևորներն ավելի շատ կլինեն»,- եզրափակել է Հովհաննիսյանը: