Ամանորը տոն է, որ սպասված է ողջ աշխարհում: Յուրաքանչյուր երկիր ունի ավանդույթներ, որոնք բնորոշ են միայն իրենց. Ձեզ ենք ներկայացնում տարբերակիչ ավանդույթները, որոնք բնորոշ են տարբեր երկրներին:
Բուլղարիայում Ամանորին ընդունված է, որ տան կրտսերը կանգնում է տոնածառի մոտ և երգում, իսկ մեծահասակները նրան նվերներ են մատուցում: Եթե մեկին կարկանդակի միջից բաժին է հասնում մետաղադրամ, դա նշանակում է, որ այն կբերի հարստություն, իսկ չամուսնացածներին բաժին ընկած վարդի ճյուղը` սեր:
Դանիացիները կեսգիշերին սեղանին են դնում բրնձե քաղցր շիլա, որի առանձնահատկությունն այն է, որ այնտեղ թաքցված է ընկույզ կամ նուշ: Այս ավանդույթը հատկապես դուր է գալիս չամուսնացած աղջիկներին: Եթե նրանցից որևէ մեկին բաժին հասնի ընկույզ, ապա Նոր տարում ամուսնությունից խուսափել չի լինի:
Մեծ Բրիտանիայում նվերները պատվիրում են «Father Christmas»-ին (Ծննդյան Հայր): Նամակ են գրում՝ մանրամասն թվարկելով և բացատրելով, թե ինչ են ցանկանում: Ապա նամակը գցում են բուխարիի մեջ: Ծխնելույզից դուրս եկող ծուխը ճիշտ տեղը կհասցնի ուղարկված նամակը:
Իտալիայում անցնող տարվա վերջին օրը բոլոր պատուհաններից դուրս են թափում անպիտան իրերը: Իտալացիները նախընտրում են նոր տարի մտնել ոչ միայն տան նորացված հարդարանքով, այլև նոր հագուկապով: Սակայն իտալական հին ավանդույթն այլ է. դեկտեմբերի 31-ին տղամարդիկ եւ կանայք հարազատներին նվիրում են կարմիր գույնի ներքնազգեստ: Հենց այդ գույնն է խորհրդանշում նորությունը:
Գերմանիայում Սուրբ Ծնունդը ընտանեկան տոն է: Բոլորը պետք է հավաքվեն տոնական սեղանի շուրջը: Այդ օրը տեղի ունեցող նվերների փոխանակման արարողությունը կոչվում է Բեշերունգ:
Ամերիկայում ուշադրություն է դարձվում ոչ միայն նվերին, այլ փաթեթավորմանը: Ծննդյան տոնի օրը բոլորը կարող են ժամերով և մեծ ուրախությամբ բացել նվերը, որը կաղամբի նման փաթաթված է բազմաթիվ թղթերի մեջ:
Ֆրանսիայում մարդիկ կարող են նվիրել միմյանց ամեն ինչ, չնայած կան որոշակի կանոններ: Օրինակ՝ օծանելիք կարող է նվիրել միայն ամուսինը իր տիկնոջը: Այլ տղամարդուց նմանատիպ նվերը համարվում է «կանոններից դուրս»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







