2019-ի տարեվերջին մեկնարկել են Հ-25‚ Մ6-Հաղպատի պատմական հուշարձան 5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հաղորդում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։
Այս ճանապարհը զբոսաշրջային կարևոր ուղի է‚ և հիմնանորոգումը կնպաստի տարածաշրջանի զբոսաշրջության զարգացմանը։ Ճանապարհի հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ բյուջեից հատկացված միջոցներով։ Կապալառու կազմակերպությունը «Ճանապարհ» ՍՊԸ-ն է, որն իրականացրել է հողային աշխատանքներ։
Առաջիկայում նախատեսված է լինելու հիմնանորոգման շրջանականերում շարունակել հողային աշխատանքները, իրականացնել ջրահեռացման համակարգի, ճանապարհային ծածկի, արհեստական կառուցվածքների և երթևեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ, ինչպես նաև որոշ հատվածներում ճանապարհը կլայնացվի։
«2020 թվականի առաջին ուրախացնող լուրը մեր հայրենակիցների և զբոսաշրջիկների համար»,-գրել է նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով նաև, որ Հ-25‚ Մ6-Հաղպատի պատմական հուշարձան ճանապարհն անցնում է Հաղպատ բնակավայրով, և հիմնանորոգումը կնպաստի նաև Հաղպատի բնակիչների կենսապայմանների բարելավմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







