Եղվարդի ծննդատանը, հնարավոր է, ևս մեկ տարի գործելու հնարավորություն կընձեռվի: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ծննդատունը ևս մեկ անգամ կդիմի պետպատվերի համար և եթե մեր մասնագետների այցի ժամանակ բոլոր պայմանների՝ բժշկական կադրերի, շենք-շինության և սարքավորումների առկայությունը գրանցվի, ապա ծնունդների 136 թվի պարագայում ևս մեկ անցումային տարի կտրվի»,- ասաց Արսեն Թորոսյանը։
Խոսելով Աչաջուրի ծննդատան մասին՝ նախարարը նշեց, որ Աչաջուրը առողջության կենտրոն է և պետք է դադարի ծննդօգնության ծառայություններ մատուցել։
Արսեն Թորոսյանն անդրադաձավ նաև ապօրինի որդեգրումների հետ կապված քրեական գործին՝ նշելով, որ իր գլխավորած գերատեսչությունը լիազորությունների շրջանակներում կանոնակարգում է ծննդօգնության ծառայությունների մատուցումը։
«Հիմա փորձում ենք կանոնակարգել հետծննդյան այնպիսի դեպքերի կանխումը, որոնք մինչ այս նաև վերջին շրջանում կասկածներ էին առաջացնում կանանց մոտ՝ ուր է իրենց մահացած երեխայի դին։ Այդ մասը կանոնակարգման առումով մի քիչ բաց էր, փորձելու ենք այնպես անել, որ թե ամեն ինչ պարզ լինի, թե ամեն ինչ լինի ծնողների համաձայնությամբ և թե նման կարգերը խախտելու դեպքում պատիժ լինի»,- նշել է նախարարը։
«Մենք նաև բուժաշխատողների համար կրթական ծրագրեր կիրականացնենք»,- ընդգծել է Արսեն Թորոսյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







