Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկել են բարձրացնել նպաստ ստացող այն ուսանողների տարիքային ցենզը, ովքեր զրկվել են կերակրողից՝ այն 23-ից հասցնելով 26-ի։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, «Պետական կենսաթոշակների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում, հունվարի 22-ին ասաց օրինագծի համահեղինակ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Կոնջորյանը։
Նրա խոսքով՝ մինչ այս գործող 23 տարվա ցենզը հաստատվել է նախորդ 10-ամյա կրթական համակարգի և միամակարդակ բարձրագույն կրթության հիման վրա։ Իսկ այժմ ուսանողները բուհն ավարտում են ոչ թե 23, ինչպես նախկինում էր, այլ շատ ավելի մեծ տարիքում, քանի որ ուսումը դպրոցում դարձել է 12-ամյա։
Կառավարությունը, սակայն, դեմ է սրան։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանն բացատրեց, որ թեև դա մեծ բեռ չէ կառավարության համար, բայց իրենք դեմ են, որովհետև դա չի համընկնի այլ օրենքների փիլիսոփայության հետ։ Սաիյանի խոսքով՝ եթե օրենքն ընդունվելու է, ապա գոնե անհրաժեշտ է, որ այդ դեպքում աշխատող ուսանողները չստանան այդ նպաստը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







